1

fb you od

Տեառնընդառաջը մեծ շուքով նշվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

trndez1 

Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմում սկսվեց փետրվարի 13-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում,Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարված նախատոնակով: Երեկոյան ժամերգության ընթացքում հավատացյալները ունկնդիրը եղան Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու տոնի խորհրդին, որից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ Տեառնընդառաջը հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Ի նշանավորումն իրենց տոնի,եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:

Ժողովրդի կողմից սիրված տոնը ուրախ դարձնելու համար «Տարոն» ազգագրական համույթի պարուսույց Նարինե Ղուշչյանը՝ Թեմի մշակույթի և երիտասարդության բաժինների հետ միասին, «Հայարտուն» կենտրոնի (համակարգող՝ Լևոն Չիդիլյան) աջակցությամբ և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի գլխավորությամբ, պատրաստել էր համերգային ճոխ ծրագիր:

Միջոցառմանը ներկա հասարակությանը ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Թեմակալ առաջնորդը կարևորեց մայր հայրենիքի դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և նշանավորելու կարգը: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Վրաստանի իշխանություններին և վրաց ժողովրդին, որոնց բարյացակամ վերաբերմունքով վիրահայությունը պահպանում իր ազգային և հոգևոր արժեքները, արժևորելով երկու ժողովուրդների քրիստոնեական և մշակութային բարեկամական հարաբերությունները:

Այնուհետև տարածվեց ազգային երգն ու պարը ու վառվեց տեարնընդեզյան խարույկը, որը կրկնապատկեց տոնական տրամադրությունը: Համերգի վարող Լիզա Թորոսյանի հայտարարությամբ իրար հաջորդեցին «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Տարոն» ազգագրական համույթների (պարուսույց Նարինե Ղուշչյան), դհոլի դասարանի սաների (ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե), անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Ղուշչյանի և Հենրիխ Պետրոսյանի ելույթները: Հատուկ շնորհակալության արժանացան Սպարտակ և Գայանե Մկրտչյան ամուսինները, որոնց հովանավորությամբ «Տարոն» ազգագրական համույթը հանդես եկավ հայկական ազգային պարային տարազով:

Նորապսակների համար Սբ.Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և եկեղեցու կնքահոր աջակցությամբ «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հյուրասիրություն: Մինչև ուշ երեկո ընթացող տոնակատարության, ուրախ երգի ու պարի հիասքանչ ավարտ դարձավ գեղեցիկ հրավառությունը: Փետրվարի 14-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ տրվեց տոնական Սուրբ Պատարագ, որի Պատարագիչն էր հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Տեառնընդառաջի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:
 

IMGP0956 IMGP1288 IMGP1303 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)