1

fb you od

Պոեզիա և գեղանկարչություն միահյուսված մեկ անհատի մեջ PDF Տպել Էլ.փոստ

Arevshat

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում մարտի 22-ին կայացավ հանդիպում հայտնի բանաստեղծ և գեղանկարիչ Արևշատ Ավագյանի հետ: Հանդիպումը ներդաշնակված էր բանաստեղծ-նկարչի աշխատանքների ցուցահանդեսին: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության և Վրաստանի հայ նկարիչների միության համատեղ միջոցառման նպատակն էր թբիլիսյան հասարակությանը ներկայացնել արվեստի լիահուն պաթոսով ապրող և նորի,առաջավորի ջատագով և կրող հայ ստեղծագործողին:

Միջոցառումը, բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը: Նա ի մասնավորի անդրադարձ կատարեց Արևշատ Ավագյանի կյանքի անցած ուղուն, խոսեց նրա բանաստեղծական 25 ժողովածուների, գեղանկարչական 90 աշխատանքների, հրատարակած գրքերի և կազմակերպած ցուցահանդեսների մասին:

Բոլոր բանախոսները՝ բանաստեղծ Միքայել Ախտյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը Արևշատ Ավագյանին բնութագրեցին որպես ավանգարդիստ ստեղծագործողի, նորարարական մոտեցմամբ անձնավորության, ակտիվ հասարակական գործչի, բանիմաց գրականագետի, ՀՀ Մշակույթի հիմնադրամի տնօրենի և Մշակույթի խորհրդարանի անդամի: Կարևորվեց նրա պոեզիայի վրացերեն թարգմանության բարձրարժեք հնչեղությունը:

Վաստակաշատ լրագրողը երկար տարիներ աշխատել է «Ավանգարդ» թերթում,«Գարուն» ամսագրում: Այսօր էլ նա երիտասարդական ավյունով շարունակում է ստեղծագործել: Երկու ոտքերով մայր հողին կառչած գրող-նկարչի հոգին սավառնում է տիեզերքում ու ստացած ոգեղեն հույզերը նա մերթ խոսքի միջոցով հանձնում է թղթին, մերթ էլ գույների միջոցով ստեղծում պատկերներ, որոնք պարզ են, հյութեղ գույներով և խոհական փիլիսոփայական:

Հիրավի մեծ է Արևշատ Ավագյանի տարիների հունձքը: Նրա կյանքի հավատո հանգանակը սերն է, բարեկամությունը, արդիականը, տիեզերականը: Միշտ բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը, նա իր ներդրումն ունի հայ գրականության անթոլոգիայի երկհատորյակի պատրաստման գործում, հանդիսանալով նաև առաջաբանի հեղինակը:

Վրաստանի գրողների միության քարտուղար, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր Բաղաթեր Արաբուլին, կարևորելով հայ-վրացական բարեկամությունը սերունդներին փոխանցելու հանգամանքը, արժևորեց տարիներ առաջ Հայաստանում «Գարուն» և Վրաստանում «Ցիսկարի» ամսագրերի համագործակցությունը՝ երկուստեք մեկական համար նվիրելով հայ և վրաց գրականություններին:

Հավարտ միջոցառման Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, ի դեմս Արևշատ Ավագյանի գնահատանքի խոսք ասաց հայ մտավորականի կերպարի մասին, կարևորելով նրա դերը հայ մշակույթի զարգացման, ազգային արժեքների գնահատման, հայ մարդու կերպարի նորովի ձևավորման գործում: Սրբազան հայրը արժևորեց հայ-վրացական բարեկամության զարգացման, մշակույթների, արվեստի մերձեցման գործում նրանց գործունեությունը:

Միջոցառումը ընդմիջվում էր Արևշատ Ավագյանի հայերեն բանաստեղծություններից և վրացերեն թարգմանություններից վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի կազմած գրական մոնտաժով, որին մասնակցում էին Վիրահայոց թեմի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա վարժարանի և թիվ 103 և 104 դպրոցների սաները:

Հանդիպումը համեմված էր Երևանից ժամանած երաժիշտ մենակատար Արսեն Համբարյանի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մենակատարների հրաշալի կատարումներով:
 

IMGP2774 IMGP2784 IMGP2912 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)