1

fb you od

Միջինքի տոնակատարություն Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

mijinq

Մարտի 26-ին, Միջինքի օրը, եկեղեցական կանոնների և ավանդության համաձայն Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեցին հանդիսավոր ժամերգություններ և գաթայի  ավանդական տոնախմբություններ:

Օրը տոնական էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, հավուր պատշաճի պատրաստվել էին Միջինքին: Եկեղեցու նվիրյալ զավակ Գարիկ Սիմոնյանը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամներ Լարիսա և Ամալյա Հարությունյանները այդ օրվա համար պատրաստել էին շուրջ 800 կտոր Միջինքի գաթա, որոնցից մի քանիսի մեջ դրված էին եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանի նվիրած արծաթե խաչերը:

Այդ օրը մարդաշատ էր Սբ. Էջմիածին եկեղեցին:Խաղաղական ժամերգությունից հետո հոգևոր դասի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» համույթի ազգային տարազներով զգեստավորված անդամները եկեղեցու հավատացյալներին հյուրասիրեցին «Միջինքի» ավանդական գաթայով:

Միջինքի օրը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, թեմի բաժինների տնօրենների հետ, այցելեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն:

Նինոծմինդայի շրջանում այս տարի Միջինքի օրվան նվիրվեց հայկական գաթայի փառատոն-մրցույթը, որը կազմակերպել էին Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և Ռաֆայել Ղարսլյան (Ջավախ) կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի համակարգող Գևորգ Սնխչյանը: Շրջկենտրոնից և հարակից գյուղերից, ինչպես նաև Թբիլիսիից փառատոնին ներկայացվել էին հայկական գաթայի երեսունից ավելի տեսակներ:

Տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու Նինոծմինդայի շրջանի հայության և Խոջաբեկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ,կատարվեց երեկոյան ժամերգություն և գաթաների օրհնություն:Այնուհետև կենտրոնի բակում կայացավ օրվան նվիրված մշակութային միջոցառում: Մշակույթի կենտրոնում հայտարարվեցին փառատոն-մրցույթի հաղթողները: Հոգևոր դասի ներկայացուցիչների օրհնությամբ հաղթողներին բաժանվեցին Աստվածաշունչ գրքեր: Եկեղեցական արարողությանը և մշակութային ձեռնարկին ներկա էին Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը և շրջանային վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը:

Միջինքը հանդիսավորապես նշվեց նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում:Խաղաղական ժամերգության ավարտին տաճարի ներսում Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործությունների գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Գառնի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Սոնա Մովսիսյանի գլխավորությամբ: Գաթայի մրցույթ-փառատոնին ներկայացվել էր բաղարջի շուրջ 50 տեսակ, որը բաժանվեց եկեղեցու հոծ բազմությանը:

Այնուհետև Վիրահայոց Թեմի առաջնորդը և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը Թբիլիսիից մեկնած պատվիրակության հետ միասին այցելեցին Ախալցիխեի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, որտեղ նույնպես եկեղեցական արարողակարգից հետո կատարվել էր գաթայի օրհնություն և բաժանվել հավատավոր ժողովրդին:

Միջինքի տոնական արարողություն տեղի ունեցավ նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, որին մասնակցում էին ոչ միայն Բաթումիի, այլ նաև Քոբուլեթիի և Չակվիի հայկական համայնքներից:

Միջինքի և եկեղեցական այլ տոներին զուգորդվող ժողովրդական ավանդույթների վերականգնումը և ժողովրդականացումը Վիրահայոց թեմում նոր ազդակ է հոգևոր կյանքի վերազարթոնքի և ազգային արմատների մերձեցման:

IMGP3044 IMGP3047 IMGP3079 

1524933 616305248451859 797765042 n 1975094 616305475118503 1459436333 n 10001533 521183741331776 983750018 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)