Բաթումի հայ համայնքում հանդիսավորությամբ նշվեց Սայաթնովյան «Վարդատոնի» 100-ամյակը |
Բաթումիի հայ համայնքը, տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախաձեռնությամբ, Բաթումիի թիվ 9 դպրոցում հունիսի 7-ին կազմակերպեց Սայաթնովյան «Վարդատոնի» 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Տոնահանդեսին դպրոցի աշակերտների ելույթների հետ միասին իրենց մասնակցությունն ունեին եկեղեցու մշակութային խմբակները: Սայաթ-Նովայի երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը (խմբավար Ռուզաննա Հովհաննիսյան): Հայերեն և վրացերեն բանաստեղծություն Դահլիճում տեղեր էին զբաղեցրել դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Տոնական հանդեսը իր ներկայությամբ պատվեց Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դահլիճը զարդարված էր Սայաթ-Նովայի սիրած և «Վարդատոնը» խորհրդանշող գեղեցիկ կարմիր վարդերով, վառվում էին մոմեր: Հանդիսությանը ներկայացվեց բեմադրություն Աննայի և Սայաթ-Նովայի սիրո լեգենդային պատմության դեգերումներով: Տոնահանդեսը հագեցած էր մեծ սիրերգակ Սայաթ-Նովայի անկրկնելի տաղերի հմայքով, իսկ մթնոլորտում տիրում էր բարեկամության անմահ շունչը: |