1

fb you od

Հանդիպում բեյրութահայ ազգային, գրական, հասարակական գործիչների հետ PDF Տպել Էլ.փոստ

beyrut 

«Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության (նախագահ՝ Անահիտ Բոստանջյան) նախաձեռնությամբ, «Հանդիպում սփյուռքահայ գործիչների հետ» շարքից, ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին ,Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ հանդիպում բեյրութահայ հայտնի ազգային և գրական – հասարակական գործիչներ Ժիրայր Դանիելյանի, Սարգիս Կիրակոսյանի և Համբիկ Մարտիրոսյանի հետ:

Բարի գալուստի խոսքերով ողջունելով պատվարժան հյուրերին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը որպես գեղեցիկ հուշ նվիրեց «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ հրատարակված գրքեր:

Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Կամար» թերթի խմբագիր Ժիրայր Դանիելյանի, «Ազդակ» օրաթերթի գրական բաժնի խմբագիր և «Բագին» ամսագրի խմբագիր Սարգիս Կիրակոսյանի և «Խոսնակ» թերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանի գրական, հրապարակախոսական ազգանվեր և արգասաբեր գործունեությունը, ընդգծելով որ երեքն էլ ՀՀ գրողների միության անդամներ են, Ժիրայր Դանիելյանը և Համբիկ Մարտիրոսյանը՝ Մովսես Խորենացի շքանշանի ասպետներ: Բանախոսը պատմեց Վրաստանի գրողների միությունում կայացած հանդիպման մասին, արձանագրելով նախագահ Մաղվալա Գոնաշվիլու, Մանանա Դումբաձեի և վրացի մյուս գրչակիցների հետաքրքրությունը Սփյուռքում հայ գրական մտքի զարգացման նկատմամբ, ընդգծեց համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման առաջարկությունների մասին:

Բեյրութահայ ազգային գործիչները նշեցին, որ առաջին անգամ են լինում Վրաստանում և մանուկ հասակից երազել են այցելել այն շենշող և ճոխ քաղաքը, որտեղ ծաղկել է հայ միտքը, ապրել և ստեղծագործել են ազգի պանծալի զավակները: Հյուրերը երախտագիտության խոսքեր ուղղեցին Անահիտ Բոստանջյանին, Լևոն Չիդիլյանին, Մանանա Կարապետյանին՝ ազգի մեծերի շիրիմների առջև խոնարհվելու իրենց ուխտը ի կատար ածելու և ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Հյուրերը պատմեցին լիբանանահայ գաղութի մասին, արձանագրելով գործող 27 ազգային դպրոցները, հայագիտական հիմնարկությունները, Հայկազյան համալսարանը, բազում պարբերականները, արժևորեցին բարեգործական միությունների, կանանց, երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը, հայ համայնքի համագործակցությունը ազգային կուսակցությունների հետ, նշեցին երկրի խորհրդարանում հայազգի հինգ պատգամավոր և անպայման մեկ նախարար ունենալու քվոտի մասին:

Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով, հընթացս որի թբիլիսահայությունը ստացավ հայաբնակ Անջարի, Հալեպի, Քեսաբի իրավիճակի, սիրիահայերի հարկադրական արտահոսքի, իրաքյան պատերազմի և նոր իսլամիստների մասին նրանց հետաքրքրող հարցերի պատասխանը:

Երկուստեք իրենց գոհունակությունը հայտնեցին ջերմ և հետաքրքիր հանդիպման կապակցությամբ:

Բեյրութահայ հայրենակիցները նույն օրը այցելեցին Դավթյանների տուն և ըմբոշխնեցին երջանկահիշատակ վարպետ Գարի Դավթյանի ձեռքով պատրաստած տիկնիկների խաղի հմայքը և տանտիրուհի Ժաննա Դավթյանի ջերմ հյուրընկալությունը:

DSC 8760 DSC 8787 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)