Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալեց մասնավոր այցով Թբիլիսիում գտնվող «Հայք» հայագիտական հաստատության հիմնադիր ղեկավար Բաբկեն Վարդանյանին: Ընդամենը երկու ժամյա հանդիպման ընթացքում բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակը ունկնդիրներին ներկայացրեց հայ ժողովրդի երկու հատվածների նկարագիրը, խոսելով Մայր Հայրենիքում բնակվող ժողովրդի և աշխարհասփյուռ հայության հոգեհարազատության, ազգանվեր նպատակների և դրանք իրականացնելու ուղիների մասին: Բանախոսը հանգամանալից խոսեց հավատքով ապրելու, Ավետարանով և Խաչով Աստծուն ծառայելու շուրջ, կարևորելով հայ ժողովրդի նվիվածությունը իր հազար յոթ հարյուրամյա քրիստոնեական հավատքին:
Պարոն Վարդանյանը մեկ առ մեկ մեկնաբանեց կյանքի առաջընթացի երեք գլխավոր սյուները, դրանց կանխարգելիչ միջոցները, որպես դրանց իրականացման հիմնական լծակներ անվանելով հետևողականությունը և հարատևությունը: Բանախոսը ազգի գոյության այդ սյուները կոչեց հավատքը առ ամենազոր Աստված, Գաղափարը, որը ծնվում է հավատքից և գաղափարը իրականացնելու բարոյականությունը:
«Հայք» հայագիտական հաստատության առաջ քաշած այդ երեք տեսակետներին հասնելու ծրագրային ուղիներ նա անվանեց այն ուսումնասիրությունները և հրատարակված գրականությունը, զանգվածային լրատվամիջոցներով արված ելույթները, որ իրականացվում են իր և իր ղեկավարած հաստատության կողմից:
Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները առաջադրեցին ցեղասպանությանը, Սփյուռքի հայկական համայնքներին, ազգապահպանությանը վերաբերող հարցեր: Իր հանդիպումը վիրահայ մտավորականության ներկայացուցիչների հետ հայագետ Բաբկեն Վարդանյանն ավարտեց բարձրաձայնելով ազգին ծառայելու գլխավոր պատգամը՝ անել ոչ թե այն ինչ կարող ես, այլ այն, ինչ պետք է անես:
|