1

fb you od

Հեշտիա գյուղում հանդիսավորությամբ նշվեց Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի ավանդական տոնը PDF Տպել Էլ.փոստ

Hovsephyan 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծ, այս հող ու ջրի պանծալի զավակ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը: Թբիլիսիից, Ախալքալաքի, Նինոծմինդայի,Ախալցիխեի շրջաններից և գյուղերից ժամանած հյուրերը եկել էին վերստին խորանալու և առնչվելու նրա մարդկային ու համամարդկային, քնարական ու հայրենասիրական, խոհական ու փիլիսոփայական ստեղծագործական լայնահուն աշխարհին: Վիկտոր Հովսեփյանի հիշատակի առջև իրենց խոնարհումը դրսևորեցին Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը, շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը, «Գարի Դավթյան» տիկնիկային թատրոնի տնօրեն Ժաննա Դավթյանը և ուրիշներ:

Տոնակատարությունը սկսվեց Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանից, որտեղ ներկաները ականջալուրը դարձան վաղամեռիկ հոր անտիպ ստեղծագործությունների ուսումնասիրող և համակարգող Գիսանե Հովսեփյանի հանգամանալից խոսքին գրողի բանաստեղծական ժառանգության, ետմահու հրատարակված գրքերի ու նաև անտիպ մնացած գործերի մասին:Բանաստեղծի դուստրը մանրակրկիտ խոսեց նաև գեղանկարիչ Վիկտոր Հովսեփյանի անսահման երևակայական աշխարհի մասին, արժևորելով նրա բանաստեղծ-նկարիչ և նկարիչ-բանաստեղծ գործելաոճը:

Վիկտոր Հովսեփյանի առջև խոնարհվելու և նրա անմահ շիրիմը ծաղիկներով զարդարելու համար հյուրերի խումբը տեղափոխվեց գյուղում գտնվող Եռակնյայի Սուրբ Գևորգ (Քյաֆիրի ուխտ) մատուռի բակը, որտեղ հուղարկավորված է բանաստեղծը:

Սամցխե –Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը աղոթք արեց բանաստեղծ-փիլիսոփայի հոգու խաղաղության համար, հիշատակի խոսք ասաց Գևորգ Սնխչյանը, իսկ սաները մի քանի բանաստեղծություն կարդացին մեծ մարդասերի ստեղծագործություններից:

Վիկտոր Հովսեփյանը երկար տարիներ աշխատել է Հեշտիայի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որը այժմ կրում է նրա անունը: Հյուրերի խումբը եղավ այն դասասենյակում, որտեղ տարիներ շարունակ աշխատել է մեծ հայագետ- բանասերը: Դասասենյակի պատերին այսօր էլ պահպանվում են Վիկտոր Հովսեփյանի փակցրած գրողների ու մտածողների լուսանկարները, արտահայտած մտքերն ու դարձվածքները, որոնցով դաստիարակել է նա իր սաներին: Գրատախտակի վրա սրբությամբ պահպանվում է այն երկու բառը, որի մեկնաբանությունը եղել է նրա վերջին դասը:

Հովսեփյան ընտանիքի դուստր Նանե Հովսեփյանը, ով գլխավորում է Վիկտոր Հովսեփյանի անունը կրող դպրոցը, համառոտ խոսեց մանկավարժ հոր մասին, որից հետո դպրոցականները հանդես եկան բանաստեղծի ստեղծագործություններից կազմած գրական մոնտաժով:

Հովսեփյանական տոնը շարունակվեց Հեշտիայի մշակույթի տանը: Լեփլեցուն-դահլիճում հավաքվել էր իր զավակով հպարտացող և նրա մեծությունը գնահատող Հեշտիայի բնակչությունը: Վիկտոր Հովսեփյան մեծության մասին իրենց սրտի խոսքն ասացին Լևոն Չիդիլյանը, Սուսաննա Խաչատրյանը, բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին, գրողներ Գևորգ Հայասան, Հմայակ Գրիգորյանը և ուրիշներ:

Տոնական օրվան ուրախ շունչ հաղորդեցին Նինոծմինդայի մշակույթի տան «Փարվանա» երգի-պարի անսամբլի, Հեշտիայի «Արաքս» պարային խմբակի, մեներգիչներ Արմեն Մկոյանի, Հայաստան Իսպիրյանի, Անահիտ Խաչատրյանի կատարումները և դպրոցականների ասմունքը: Հեշտիա գյուղը այդ օրը հագեցած էր իր զավակի ստեղծագործությունների շնչով, իսկ երկնքից թևածում էր Վիկտոր Հովսեփյան մեծ բանաստեղծի միշտ կենդանի ոգին:

10653461 1481633288768138 5736518569808047712 n 10659251 1481632015434932 6169344217457918902 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)