Թբիլիսիում Բուն Բարեկենդանը նշվեց հարիսայի փառատոնով |
Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանի տոնը նշանավորել հայկական հարիսա ճաշատեսակի փառատոնով, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ նախաձեռնում և իրականացնում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ« միությունը: Փառատոնը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային այս ճաշատեսակով: 2015 թվականի փետրվարի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած տոնահանդեսին իրենց ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, տարբեր կառույցների ղեկավարներ, հյուրեր և հոծ հասարակություն: Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց միջոցառման նպատակը՝ ներդաշնակվելով Մեծ Պահքի նախօրեին նշվող Բուն Բարեկենդանի տոնին, պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդությունները և սովորությունները: Դահլիճի երկայնքով շարվել էին 20-ից ավելի կաթսաներ հարիսայի տարատեսակներով: Վիրահայոց թեմի առաջնորդը ներկաներին շնորհավորեց հոգևոր տոնի առիթով և օրհնելով հարիսայի կաթսաները, ներկաներին հրավիրեց համտեսելու ավանդական հարիսան: Ու հնչեց ուրախ երգն ու երաժշտությունը «Հայարտուն» կենտրոնում: Ու սկսվեց հարիսայի հյուրասիրություն
|