Բարի սամարացիների նվերները սիրասուն բալիկներին |
Ընթացիկ տարվա մարտի 5-ին, ասես երկու մասի էր բաժանվել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Հանդիսատեսի դերում 3-14 տարեկան տղաներն ու աղջիկներն էին, պատի երկայնքով շարվել էին նրանց մայրիկներն ու տատիկները: «Վրաստանում Բարի սամարացի» միջազգային բարեգործական կազմակերպության լոգիստիկայի համակարգող Կարեն Երիցյանի նախաձեռնությամբ և կազմակերպության ղեկավար Մերաբ Օրագվելիձեի աջակցությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամ կանանց երեխաներին և թոռնիկներին բաժանվեցին «Բարի սամարացի» կազմակերպության երեխաների ձեռքերով հավաքած և մեծ սիրով հղած տուփերը: Երեխաները հետաքրքրությամբ լսեցին այն մասին, որ կա մի մեծ կազմակերպություն, որի անդամ երեխաները թեև իրենցից շատ-շատ հեռու են գտնվում, բայց նրանց շատ են սիրում և գեղեցիկ խաղալիքներ ու իրեր են ուղարկել իրենց հասակակիցներին և դա «Բարի սամարացի» միջազգային բարեգործական ընկերության հարյուրավոր երեխաների սերը, հոգատարությունը և ուշադրությունն է Վրաստանի հարյուրավոր երեխաների նկատմամբ: Անակնկալից երջանկացած երեխաները գեղեցիկ տուփերը ձեռքներին ծնողների հետ վերադարձան իրենց տները:
|