1

fb you od

Անանյան Հովնանյանների գործունեության հիշատակում «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC02038 

2015 թվականի մարտի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, «Վրաստան» թերթի աջակցությամբ և գործարար Ռաֆիկ Աղաջանյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին գրքի հեղինակը, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից և բարեմաղթանքից հետո, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երախտիքի խոսքեր ուղղեց Սերգո Երիցյանին և նրա հետ աշխատող խմբին հայ գործարարների հետքը Վրաստանում վեր հանելու և սերունդներին ներկայացնելու ազգանվեր գործի համար:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը, որ նպատակադրվել էր Ալեքսանդր Մանթաշևի, Միքայել Արամյանցի, Պիտոևի, Մելիք-Ազարյանցի անունների շարքում հանրաճանաչ դարձնել նաև Անանյան-Հովնանյան գերդաստանի անունը, ընթերցողին էր ներկայացրել այս գերդաստանի արժանավոր զավակների գործունեությունն ու բարեգործությունը Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Սերգո Երիցյանը իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ իրեն հաջողվել է ոչ միայն գրել ամբողջական գիրք Անանյան-Հովնանյանների մասին, այլև նկարահանել տեսաֆիլմ հայ մարդու տեսակի մասին, որը կառուցող է, արարող և մարդասեր :

Անանյանների հետքերով ընթացող բանասեր հետազոտողին ուղեկցող Յուրի Միկիրտումովը անդրադարձ կատարեց Իմերեթիի տարածաշրջանի Սվիրի գյուղի բնակիչների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին Անանովների հիշատակին: Սվիրիի բնակչության սերունդները 100 տարի անց շարունակում են ընդգծված ջերմությամբ ցույց տալ հայ մարդու գործարարության հետքերը՝ «Վարցիխե» գինու և կոնյակի գործարանը, Անանովների անունով հիշատակվող աղբյուրը, 35 վերստ երկարությամբ ջրմուղը, Աջամեթի կաղնու անտառը, նաև արժևորել աշխատավոր մարդու նկատմամբ գործարարների ցուցաբերած վերաբերմունքն ու հոգատարությունը:

Անանյան-Հովնանյանների մասին պատմող գրքի հրատարակության և նրանց կատարած աշխատանքը հասարակությանը հասանելի դարձնելու համար իրենց սրտի խոսքն ասացին բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, պատմաբաններ Ռուբեն Նահատակյանը և Ենոք Թադևոսյանը:

Ամփոփելով շնորհանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց ազգի նվիրյալ զավակների, մեծ գործիչների գործունեությունը վերհանելու և սերունդներին հաղորդելու նպատակով արժանավոր հայորդի Սերգո Երիցյանի և մյուսների նվիրական աշխատանքը: Սրբազան հայրը կարևորեց հայ գործարար-բարերարների ստեղծագործական, կառուցողական, նաև բարեգործական գործունեությունը, որ արվում էր այն երկրի բարգավաճման և ծաղկման համար, որը նաև նրանց երկիրն էր և պատմությունը նրանց մասին իրողություն է, որը պետք է անպայման վերհանել ու ցույց տալ սերունդներին:

Կատարվեց նաև «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի « Թիֆլիս- հայկական ճեպանկարներ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

Բազմամարդ դահլիճը մեծ հետաքրքրությամբ դիտեց «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած «Անանյան-Հովնանյաններ. մոռացված արահետներով» տեսաֆիլմը:

DSC02069 DSC02036 DSC02064 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)