1

fb you od

Գարունը և մայրական սերը Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

nakhakrdaran 

2015 թվականի ապրիլի 1-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի «Գարունը և մայրական սերը» խորագրով միջոցառումը: Տոնահանդեսին ներկա էին եկեղեցու հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, ծնողներ, հյուրեր:

Միջոցառմանն իր ներկայությունն էր բերել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը:

Բացելով միջոցառումը՝ կենտրոնի կրթական բաժնի տնօրեն, Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին Քրիստոսի հրաշափառ Հարության գալիք տոնի առիթով, մաղթեց գարնանային տրամադրություն և զարթոնքի բերկրանք: Նա կարևորեց կանանց միամսյակը և դահլիճում գտնվող կանանց ուղղեց շնորհավորանքի խոսքեր:

Դահլիճը զարդարվել էր թեմային համապատասխան. ձյան շերտի տակից ծլարձակող կանաչ խոտ, գլուխները ծածուկ հանող գույնզգույն ծաղիկներայդ ամենը ներկայացված գեղեցիկ երևակայությամբ և ճաշակով: Գարնանային դաշտ հիշեցնող բեմահարթակում իրենց խոսքը, երգն ու պարը ցուցադրեցին փոքրիկները՝ դարձած իսկական ծաղիկներ: Ճիշտ համադրությամբ ընտրված երաժշտությունը լրացնում էր երեխաների ներկայացրած գեղեցկությունը՝ զարմանք ու հիացմունք առաջացնելով դահլիճում նստածների մոտ:

Փոքրիկները անկաշկանդ արտասանությամբ, ուրախ երգով, ասպետական պարով և գեղեցիկ շարժումներով իրենց շնորհավորանքը հաղորդեցին սիրելի մայրիկներին ու տատիկներին , բոլոր կանանց և ավետեցին գարնան գալուստը:

Մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը փոքրիկների ելույթները անվանեց կենտրոնում տարվող դաստիարակչական մեծ աշխատանքի հավաստում, իսկական մարդ-քաղաքացու աճեցման ամուր հիմնարկեք: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանն արժևորելով նախակրթարանի երիտասարդ մանկավարժների ջանքերը հայ երեխային հայկական շնչով մեծացնելու գործում, շնորհակալության խոսքեր ուղղեց ծնողներին հայոց լեզուն պահպանելու համար և կոչ արեց հայ երեխաներին ուղորդել հայկական դպրոց:

Տիկին Էլեոնորա Վարդանյանն անթաքույց զարմանքով և մեծ սիրով իր գոհունակությունն արտահայտեց փոքրիկների գեղեցիկ ելույթների նկատմամբ և երախտագիտության խոսքեր ուղղեց նվիրյալ ուսուցիչներին՝ ներդրած ջանքերի համար: Տիկին Վարդանյանը, որ դատարկաձեռն չէր եկել տոնահանդեսի, նախակրթարանի բոլոր սաներին բաժանեց զատկական նվերներ:

Վերջում ամփոփելով նախակրթարանի սաների գարնանային թեմայով միջոցառումը՝ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բարձր գնահատեց նախակրթարանի աշխատակազմի մոտեցումն ու նվիրումն իրենց առաքելությանը՝ հայ մանուկին ոչ միայն տառաճանաչություն, երգ, պար սովորեցնելու,այլև նրանց վարքը մշակելով, սովորեցնել վարվեցողության ճիշտ կանոնները, ներարկել սեր դեպի Հայոց Եկեղեցին, մայր հայրենիքը և Վրաստան աշխարհը:

Վերջում միջոցառմանը միացան Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը:

Գարնանը նվիրված միջոցառումը բնության զարթոնքի շունչ, մայրական սեր և տրամադրություն բերեց բոլոր ներկաներին:

11096716 725588960891252 7009921642907180118 n 11102656 725588954224586 347248794074067253 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)