Բաթումիում օծվեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի խաչքար |
2015 թվականի ապրիլի 12-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերի օծման արարողություն: Խաչքարերից մեկը նվիրված է հայ-վրացական բարեկամությանը, իսկ մյուսը՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Խաչքարերի (վարպետ Սերգեյ Դանիելյան, քաղաք Վանաձոր) նվիրատուն է ՀՀ Վանաձորի քաղաքապետ պարոն Սամվել Դարբինյանը, ով այս առիթով Վանաձորից հատուկ ժամանել էր Բաթումի: Նվիրական այս արարողության առիթով Բաթումի էր ժամանել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Խաչքարերի օծման և մյուս արարողություններին իր մասնակցությունն էր բերել Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Խաչքարերի օծման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվել էր Բաթումիի քաղաքապետ պարոն Գիորգի Երմակովը: Խաչքարերը օծվեցին հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի և մասնակցությամբ Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի: Հավարտ արարողության Սրբազան Հայրը օրվա խորհրդով պատգամ հղեց ժողովրդին, բարձր գնահատեց Վանաձորի քաղաքապետի հայրենանվեր այս աշխատանքը: Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը հայտնեց Բաթումիի հայ համայնքին իր հոգևոր հովվի հետ միասին և բարձր գնահատեց Բաթումի քաղաքի իշխանություններին՝ բաթումահայության ծրագրերին աջակցելու համար: Սրբազան Հայրը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը բաթումցինեհրին: Բաթումիի քաղաքապետ պարոն Գիորգի Երմակովը ներկաներին շնորհավորեց Զատկական տոնի առիթով և կարևորեց հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը, արժևորեց Վանաձոր քաղաքի հետ Բաթումի քաղաքի բարեկամությունը և ասաց, որ վրաց ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը: Խոսքով ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Յուրի Վարդանյանը, ով նույնպես կարևորեց այս խաչքարերի և տարբեր միջոցառումների միջոցով հայությանը հուզող խնդիրների լուծումը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական միջոցառումների առանցքային գաղափարաբանության՝ հիշողության, պահանջատիրության, երախտապարտության և վերածննդի մասին բաթումցիների իրազեկումը: Խոսք ասաց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նա նշեց, որ Բաթումին և Վանաձորը երկար տարիների բարեկամ քաղաքներ են և ամեն ինչ պետք է արվի հայ-վրացական բարեկամությունը պահպանելու համար: Նա շնորհակալություն հայտնեց Բաթումի հայ համայնքին, որ իրեն ընձեռեց բաթումահայությանը օգտակար լինելու հնարավորություն: Վանաձորի քաղաքապետը նաև ցանկություն հայտնեց մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնել Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Ելույթներ ունեցան նաև հյուպատոս Արամ Գրիգորյանը և հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Խաչքարերի օծումից հետո կատարվեց մատաղի օրհնություն և բաժանվեց ժողովրդին: Խաչքարերի օծման արարողությունից հետո Բաթումի Ռևազ Լաղիձեի անվան թիվ 3 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգային ծրագիր եկեղեցու «Աղբյուր» երգչախմբի և անհատ կատարողների մասնակցությամբ: Բաթումի այցելության շրջանակներում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանի և ուղեկցող պատվիրակության հետ միասին մասնակցեց Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին Թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը, մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և սոցիալական ծառայության պատասխանատու ու Թեմի առաջնորդի գավազանակիր Գևորգ սարկավագ Անտոնյանը:
|