Օտարալեզու հայ երեխաների խոնարհումը Մայրենի լեզվին և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին |
Ընթացիկ տարվա ապրիլի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաների մայրենի լեզվին, հայերենի առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին նվիրված միջոցառում, որը նաև խոնարհում էր Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Բացեց միջոցառումը Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և տեղեկացրեց, որ միջոցառումը նախաձեռնել է հայերենի ուսուցման շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Թամարա Գաբոյանը՝՝ «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի (խմբավար՝ Մարիա Աբուլյան և դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), դուդուկի խմբակի (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան) հետ համատեղ: Գրական-երաժշտակա «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ջերմ և հայրենաշունչ միջոցառում ներկայացնելու համար, կոչ արեց միանալ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ միասին, ազգովի մեր նահատակներին հիշելու և Արդարություն պահանջելու իրավունքով: Ամփոփելով միջոցառումը հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը արժևորեց հայ պատանիների վերադարձը իրենց արմատներին, ազգին, լեզվին ու քրիստոնյա հավատքին հավատարիմ մնալու կոչ արեց, պատգամելով կրթության բարձունքները նվաճելու կամք ու կորով՝ արժանավոր հայորդի լինելը հպարտությամբ ներկայացնելու համար:
|