Հայոց Մեծ Եղեռնի խաչքար Կուլիկամ գյուղում |
Ապրիլի 20-ին Ջավախքի Կուլիկամ գյուղում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող-խաչքարի բացման արարողությունը: Սուրիկ Մարաբյան բարերարարի ու հայրենասերի հովանավորությամբ Ջավախք աշխարհի այս գողտրիկ անկյունում կանգնեցվեց 1915-ին նահատակների հիշատակը հավերժացնող Խաչքարը: Խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի և մասնակցությամբ Ախալքալաքի և շրջակա գյուղերի հգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: «Կուլիկամցիներն ունենալով Սուրիկ Մարաբյան բարերարին, կանգնեցրին այս խաչքարը: Խաչքար, որն անընդհատ հիշեցնելու է Հայոց Ցեղասպանության բյուր նահատակներին: Մատաղ սերունդներին հիշեցնելու է հայրենազուրկ եղած հային»,- իր խոսքում ասաց Ջավախքի հոգևոր առաջնորդը: Պատմական այս իրողությանը հաջորդեցին Կուլիկամի Արթուր Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի սաների գրական-գեղարվեստական կատարումները: Առատ տեղացող ձյունը չխանգարեց Կուլիկամի պարային խմբին հիանալի ներկայացնել հայկական պարերը: Խաչքար-հուշակոթողի բացման պատմական արարողությանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Վրաստանից, Ախալքալաքի իշխանության ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը, մշակույթի գործիչներ և այլք: |