1

fb you od

«Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

komitas 

2015 թվականի հունիսի 7-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը: Վիրահայոց թեմում այն նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով, որի Պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, արժևորեց Թբիլիսիում Սուրբ Էջմիածին եկեղեցու գործունեությունը: Շնորհավորական մաղթանքից հետո Եկեղեցու բակում կատարվեց մատաղի օրհնություն և բաժանվեց ժողովրդին:

Այնուհետև հավաքված հասարակությունը Վիրահայոց թեմի առաջնորդի, հայ և վրացի նկարիչների, Երևանից, Նորվեգիայից և Շվեդիայից ժամանած հյուրերի հետ դիտեց «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը:

Գալուստ Գյուլբենկյան սրահում ներկայացված էին նկարիչներ Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի,Գրիգոր Աղասյանի,Տիգրան Թոքմաջյանի, Զարուհի Մուրադյանի, Ստեփան Անդրանիկյանի, Հենրիկ Մամյանի և և Հենրիկ Սիրավյանի գեղանկար և մատիտանկար աշխատանքները, որտեղ անդրադարձ էր կատարվել Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես` Կոմիտաս վարդապետի կերպարին:

Ցուցահանդեսը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին «Հայարտուն» կենտրոնը, Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը և Վրաստանի հայ նկարիչների միությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին երջանկահիշատակ նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրերը՝ Զարուհի և Գոհար Մուրադյանները:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ցուցահանդեսը անվանեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Վիրահայոց թեմի հերթական միջոցառում:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, ցուցահանդեսի գաղափարի հեղինակ Արսեն Խառատյանը, բանաստեղծ,թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, վրացի նկարիչներ Գիա Մարկոզաշվիլին և Ջովաննի Վեփխվաձեն հանգամանալից խոսեցին հայ երաժշտական կյանքի ողբերգությունը գեղանկարչության միջոցով ցույց տալու, Կոմիտաս հանճարի՝ ցեղասպանության տարիներին կրած ապրումները արտահայտելու նկարիչներից յուրաքանչյուրի մոտեցման մասին: «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանը երախտագիտության խոսքեր ուղղեց ցուցադրության կազմակերպիչներին և վրացի նկարիչներին համագործակցության կոչ արեց:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության և գնահատանքի իր խոսքում անդրադարձ կատարեց հայ ազգի դեմ գործած ոճրագործությանը, առանձնացնելով մարդկային առումով՝ Կոմիտաս հանճարի կործանումը և տարածքային առումով՝ Արարատ լեռան կորուստը:

Ցուցադրված աշխատանքներին համահունչ դահլիճում տարածվեց Կոմիտասի ստեղծագործությունների մեղեդին Երևանից հատուկ ժամանած ջութակահարուհի Մանան Գարուկյանի կատարմամբ: «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդեսը շարունակվում է:

11312674 1625653377650636 851507961453851915 o DSC03394 DSC03406 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)