1

fb you od

«Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների հրաժեշտի ցերեկույթը PDF Տպել Էլ.փոստ

nakhakrdaran 

2015 թվականի հունիսի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, տեղի ունեցավ «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտների հրաժեշտի ցերեկույթը: Գույնզգույն փուչիկներով զարդարված դահլիճի կենտրոնում հպարտորեն բազմել էին հայկական ազգային տարազով զուգված ավագ խմբի սաները:

Տերունական աղոթքն ասելուց և Թեմակալ առաջնորդի օրհնությունը ստանալուց հետո, ցուցադրվեց «Հայարտուն» կենտրոնի լրատվական տեսահաղորդաշարի հատուկ թողարկումը` նվիրված Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սովորական մեկ օրվան՝ հագեցած դասերով, պարապմունքներով, խաղերով ու զվարճություններով: Այնուհետև շրջանավարտները ցուցադրեցին Հայոց Եկեղեցու, մայրենի լեզվի ու մայր հայրենիքի նկատմամբ մեծ սիրով տոգորված այն ամենը, ինչը նրանց սովորեցրել էին ուսուցիչներ Լալա Գևորգյանը, Օքսանա Շարոյանը, Օքսանա Օսիպովան, Մետաքսյա Ղազարյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը, Հովհաննես Շահնազարյանը: Ու տարածվեց փոքրիկների սահուն արտասանությունը, երգն ու պարը, արժանանալով ներկաների դրվատանքին:

Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, շնորհակալության խոսքեր ուղղեց նախակրթարանի աշխատակազմին, աջակիցներին և հատկապես ծնողներին, ովքեր կարևորելով իրենց զավակների հայեցի դաստիարակությունը, պատրաստակամությամբ օժանդակել են նախակրթարանի աշխատանքներին: Երեխաներին մանկության նոր, առավել պատասխանատու շրջան ոտք դնելու կապակցությամբ շնորհավորեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի տիկին Էլեոնորա Վարդանյանը և փոքրիկներին բաժանեց գեղեցիկ նվերներ, իսկ «հայարտուն» կենտրոնի հիմնադիր, բարերար Բորիս Սաակովը, ով արդեն չորս տարի անընդմեջ Նովոսիբիրսկից իր այցելությունները Թբիլիսի հարմարեցնում է նախակրթարանի միջոցառումներին, երեխաների դաստիարակության այս կրթօջախի գործունեությունը արժևորեց մայր հայրենիքից դուրս հայ մանուկի հոգում հայկական շունչ ու ոգի ներդնելու առաքելության արձանագրությամբ:

Ամփոփելով տոնահանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ղեկավարին, ուսուցիչներին, դայակին, բոլոր ծնողներին: Սրբազան Հայրը հիշատակելով տասնամյակներ շարունակ Թբիլիսիում գործած Ներսիսյան դպրոցի և Մարիամյան-Հովնանյան օրիորդաց վարժարանի դերը վիրահայ մտքի զարգացման գործում, հույս հայտնեց, որ Աստծո կամոք մեկ-երկու տարում նմանօրինակ դպրոց կստեղծվի այստեղ և այս երեխաները հնարավորություն կունենան իրենց կրթությունը շարունակել նման բարձրորակ ազգային դպրոցում: Այնուհետև շրջանավարտներին բաժանվեցին ավարտական վկայականներ:

Տոնահանդեսից հետո Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և հոգևոր սպասավոր Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի ձեռամբ կատարվեց նախակրթարանի երեխաների մկրտության կարգ:

DSC03637 DSC03653 DSC03659 

IMGP0609 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)