Ցեղասպանության նահատակների հիշատակի խոնարհում պատմական հայրենիքում |
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում, Վիրահայոց թեմում կազմակերպվեց երկօրյա ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր: 2015 թվականի հունիսի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ, ուխտավորների շուրջ 40 հոգուց բաղկացած խումբը ուղևորվեց պատմական հայրենիքի Կարս, Սարիղամիշ և Անի քաղաքներ: Ուխտավորների շրջանում մեծամասնություն էին կազմում Մեծ Եղեռնի տարիներին մազապուրծ փրկված և Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում հաստատված փախստականների սերունդները: Ուխտագնացության նպատակն էր ոտք դնել այն հողին, որտեղից սրով ու հրով վտարվել են մեր նախնիները, խոնարհվել Ցեղասպանության նահատակների հիշատակի առջև ու իրականացնել փրկված նախնիների անկատար փափագը՝ քայլել 100 տարի առաջ կորցրած հայրենի երկրում: Ուխտավորների աղոթքը հայոց պատմական եկեղեցիներում դարձավ այդ փափագի կատարում, քանզի նրանց աղոթքը միախառնվեց հրեշտակներ դարձած սուրբ նահատակների աղոթքին: Ուխտագնացության ընթացքում Վիրահայոց թեմի հավատացյալները այցելեցին Կարսի բերդ, տպավորվեցին թանգարանային նմուշներով, դիտեցին ավերակների վերածված Եղիշե Չարենցի տունը, խոնարհվեցին Հայաստանի 12 մայրաքաղաքներից մեկի՝ Անիի փլատակների առջև: Հավատարիմ առաքելությանը, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ հայ հավատացյալները աղոթք արեցին Կարսի 10-րդ դարի Սուրբ Առաքելոց Եկեղեցում, մոմեր վառեցին ու մասնակիցը դարձան եկեղեցական արարողություններին, իսկ Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարված հոգևոր աղոթքից հետո ուխտավորները ստացան նաև Սուրբ Հաղորդություն: Իրականացված ուխտագնացությունը թեև տպավորիչ էր, սակայն հոգեցունց էր ու հուզառատ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Վիրահայոց թեմում շարունակվում է կազմակերպվել ուխտագնացություն Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր:
|