Վիրահայոց թեմի պատգամավորները մասնակցեցին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման 3-րդ պատգամավորական ժողովը |
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ, 2015 թվականի հուլիսի 1-ին , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում մեկնարկեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովը: Ժողովին իրենց մասնակցությունն էին բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորներ, Սփյուռքի և տեղական թեմերի և հայրապետական պատվիրակությունների ներկայացուցիչ երիտասարդներ: Վիրահայոց թեմից ժողովին մասնակցում էին Առաջնորդի գավազանակիր, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսոուչ և Առաջնորդարանի սոցիալական ծառայության ղեկավար Գևորգ սարկավագ Անտոնյանը և Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործավար-քարտուղարուհի Արմենուհի Պետրոսյանը: Ժողովի օրակարգային խնդիրներն էին ՀԵԵՄ ընդհանուր ուղեցույցի և բյուջեի նախագծի քննարկումը, միջթեմական համագործակցության ծրագրերը: ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի աշխատանքի օրերին մասնակից երիտասարդները հանդես եկան թեմական շնորհանդեսներով` ներկայացնելով իրենց թեմական գործունեությունը, փորձելով համագործակցության տարբերակներ ու ծրագրեր մշակել քույր թեմերի հետ:Երիտասարդները հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի հետ, հյուրընկալվեցին Արմավիրի թեմում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեցին ժամերգություններին և Սուրբ Պատարագին: Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործավար-քարտուղարուհի Արմենուհի Պետրոսյանը ընտրվեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման Կենտրոնական խորհրդի անդամ: Ժողովի եզրափակիչ օրը, Հուլիսի 5-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ողջունեց ՀԵԵՄ ներկայացուցիչներին, ովքեր եկել էին աշխարհի զանազան թեմերից` հաղորդ դառնալու Սուրբ Էջմիածնի խորհրդին և վերադառնալու իրենց թեմերը` որպես Քրիստոսի առաքյալներ և մեր Սուրբ Եկեղեցու դեսպաններ: |