1

fb you od

Անմոռանալի ամառ առաջնորդների դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

IMG 72131 

2015 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի մեկը, ՀՀ Սփյուռքի նախարարության «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացին մասնակցեցին Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստներ Թամար Սիմոնյանը, Ալինա Բալիոզյանը և Դավիթ Խարազովը: Դասընթացին, որի  նպատակն էր աջակցել Սփյուռքի համայնքային կառույցների գործունեությանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության և համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրներից ժամանած հայ համայնքի երիտասարդ ղեկավարներ և գործուն անդամներ:

Դասընթացի ծրագիրը հագեցած էր, հետաքրքիր ու բազմազան: Երիտասարդ առաջնորդներն այդ օրերին իրազեկվեցին տեղերում գործունեության հնարավորություններին,կիսվեցին միմյանց հաջողություններով, ծանոթացան համայնքային գործչին բնութագրական հրապարակախոսության, ճարտասանության, վարքագծային հատկություններին: Դասընթացի նպատակն էր ոչ միայն այս գիտելիքների ուսանումը, այլև դրանց խելացի կիրառումը:

Գործնական պարապմունքների ժամանակ Վիրահայոց թեմի երիտասարդ ներկայացուցիչները ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայ երիտասարդների գործունեությունը, որը ներառնում է Թբիլիսիում հայկական հետքի և հայ ազգային ավանդությունների պահպանումը, երիտասարդների պատմա-մշակութային իրազեկվածության բարձրացումը և հայերենի տարածումը:

Ծրագրի կարևոր բաղկացուցիչներից էր ծանոթությունը պատմական հայրենիքի հետ: Տեսարժան վայրեր այցելությունների շրջանակում դասընթացի մասնակիցները եղան Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում և Գեղարդում: Վայրեր, որոնք անտարբեր և առանց հուզմունքի չթողեցին աշխարհի տարբեր վայրերից ժամանած երիտասարդ հայորդիներին: Տպավորիչ էր էքսկուրսիան Սմբատաբերդ, որտեղ կարելի էր հասնել միայն ճանապարհը կտրելով ավտոբուսով, բեռնատար ավտոմեքենայով և վերջին 3 կիլոմետրը՝ ոտքով: Լեռան գագաթից նրանց առջև փռված Հայաստան աշխարհն իր գեղեցիկ և անկրկելի բնությամբ, հայ լինելու հպարտության նոր լիցք հաղորդեց աշխարհասփյուռ երիտասարդների հոգուն: Դասընթացի օրերին կազմակերպվեցին նաև հանդիպումներ ՀՀ արտգործփոխնախարարի, արցախյան պատերազմի հերոս, ծննդով թբիլիսեցի Արկադի Տեր-Թադևոսյանի, Սփյուռքի փոխնախարարի, հասարակական գործիչների և այլոց հետ:

Երիտասարդ առաջնորդի դասընթացի հանդիսավոր փակմանը ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը արգասաբեր աշխատանք մաղթեց երիտասարդ գործիչներին և կարևորեց համայնքային գործի կազմակերպիչների հայրենասիրությամբ և ազգասիրությամբ առլեցուն անձնական օրինակը, ինչը մեծապես կնպաստի նրանց հանդեպ հավատի և վստահության ամրապնդմանը, հետևաբար և գործի հաջողությանը:

Հրաժեշտ տալով միմյանց, երիտասարդները պայմանավորվեցին գալիք տարի կրկին մասնակցել դասընթացներին և միմյանց տեղեկացնել դասընթացներից ստացած գիտելիքների կիրարկմամբ ձեռք բերած նվաճումների մասին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)