Վիրահայոց թեմի պատվիրակությունը Ախթալայի «Խորովածի փառատոնում» |
Հայկական խոհանոցի ազգային կերակրատեսակներից աշխարհին իր յուրահատկությամբ ներկայանալու հերթը համով-հոտով խորովածինն էր:Արդեն 7-րդ անգամ անընդմեջ աշնանային գեղեցիկ օրը մշուշապատվում է խորովածի ախորժալի բուրմունքից և շուրջբոլորը տարածվող գրգռիչ ծխի քուլաներից: 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ավանդական խորովածի փառատոնը Ալավերդիի շրջանի Ախթալայի բաց տարածքում հավաքել էր ոչ միայն այս ուտեստը համտեսելու երկրպագուներին, այլև իսկական հայկական խորոված պատրաստելու սիրահարներին, նաև իրենց վարպետությունը, դիզայներական երևակայությունը ներկայացնող ռեստորանային համալիրների խոհարարներին,ովքեր ավանդականի հետ միասին դրսևորում էին այն նորամուծությունները, որ կրել է այս ճաշատեսակն իր զարգացման ճանապարհին: Ու թևածում էր խորովածի գրգռիչ անուշաբույրը ամենուրեք ու համտեսում էին ախորժալի խորովածը փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: Իսկ այդ հյուրերի շրջանում էր նաև Վիրահայոց Թեմի պատվիրակությունը «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ: Մինչև փառատոնին մասնակցող ռեստորաններն իրենց վարպետ խոհարարաների գլխավորությամբ պատրաստվում էին մրցույթին, Լոռու լեռներում արձագանքվում էր տարածվող երգի ու երաժշտության ձայնը, ներկաներին մատուցելով ելույթներով, գովազդով և անակնկալներով շաղախված գողտրիկ համերգ: «Խորովածի-փառատոն-2015»-ը Վիրահայոց թեմի անունից ողջունեց և հայոց հարուստ ու բազմադարյա մշակույթը նաև ազգային խոհանոցի միջոցով աշխարհին ներկայացնելու համար փառատոնի կազմակերպիչներին երախտիքի խոսքեր ուղղեց ՝ Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Իսկ Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, դաժան ճակատագրով իր գոյությունը պահպանած աշխարհասփյուռ հայությանը նվիրեց Գևորգ Էմինի «Զարմանալի հայ» բանաստեղծությունը, որն ընդունվեց բուռն ծափահարություններով: «Հայարտուն» կենտրոնի անհատ-մենակատարուհի Աննա Բադալյանը ներկաների ուրախ տոնը, ինչպես նաև Վիրահայոց թեմի վարչա-տենտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի տարեդարձը շնորհավորեց քաղաքամայր Երևանին նվիրված երգի կատարումով: Լոռու բարձրագագաթ լեռների գրկում, հանքանյութով հարուստ Ալավերդու տեղանքում, ճարտարապետական կոթող Ախթալայի եկեղեցական համալիրի մերձակա տարածքում իսկական ժողովրդական զբոսաշրջությունը շարունակվեց մինչև ուշ երեկո: Իրենց հանգստյան օրը բացօթյա անցկացնելու, իսկական հայկական խորոված վայելելու և երգ-երաժշտություն ըմբոշխնելու եկած ընտանիքները, հյուրերը, զբոսաշրջիկները համեղ խորովածով լիցքավորված, հայկական երգուպարով խանդավառված վերադարձան իրենց տները: Իսկ Վիրահայոց թեմի պատվիրակությունը ետդարձի ճանապարհին, Խաչվերաց տոնի նախօրեին մոմեր վառեց ու աղոթք բարձրացրեց Հաղպատի եկեղեցական համալիրում: |