Նորանշանակ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հովվական անդրանիկ այցելությունը |
2015 թվականի սեպտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ընկերակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և Հովսեփ ուրարարակիր Չիրախովի, իր առաջին հովվական այցելությունն իրականացրեց Մառնեուլիի շրջանի հայկական համայնքներ: Այցելությունը զուգադիմեց Վրաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկին և սկսվեց Շահումյան ավանի թիվ մեկ (տնօրեն Արտյուշ Ուրումյան) և Ախքյորփի գյուղի հանրային դպրոց (տնօրեն՝ Վիոլետա Սուքիասյան) այցելությամբ: Դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին բաշխելով իր օրհնությունն ու բարեմաղթանքները, հոգեշնորհ Հայր Սուրբը երկու դպրոցներում էլ աշակերտությանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և նվերը՝ Մանկական Աստվածաշունչ: Հովվական այցի շրջանակներում հոգևոր հայրերը և Թբիլիսիից ժամանած հյուրերը աղոթք բարձրացրեցին Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Իսկ Ախքյորփի գյուղի հինավուրց մատուռումը, որը լեփ-լեցուն էր տեղացիներով, Տեր Խորեն վարդապետը մատուցեց իր անդրանիկ Սուրբ Պատարագը՝ Թբիլիսիից ժամանած երգչախմբի մասնակցությամբ: Հընթացս Սրբազան Պատարագի, Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց Խաչվերաց տոնի կապակցությամբ: Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ ննջեցյալների: Հետաքրքիր անցավ գյուղի համայնքային սրահում հոգևոր հայրերի հանդիպումը տեղի բնակչության հետ: Ախքյորփեցիները չթաքնված ուրախությամբ ընդունեցին նորանշանակ հոգևոր հորը, խոսեցին համայնքային-եկեղեցական հարցերի շուրջ, բարձրացնելով արտահոսքը կասեցնելու, երիտասարդությանը եկեղեցուն և հավատքին մերձեցնելու և բնակավայրում Գրիգոր Լուսավորչի ջահը վառ պահելու հարցերը: Հովվական այցելությունն ավարտվեց Կարմիր գյուղում: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ հյուրերը մոմ վառեցին և աղոթք բարձրացրեցին Սրբոց Ավետարանչաց մատուռում: Թբիլիսիից ժամանած այցելուները հոգեշնորհ Հայր Խորենի և Տեր Մանուկ քահանայի առաջնորդությամբ իրենց խոնարհումը բերեցին Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքարին: Տեր Խորեն վարդապետը իրազեկվեց, որ հայաբնակ այս գյուղում հիմնականում բնակվում են Ցեղասպանության տարիներին մազապուրծ փրկված և Վրաստանում հաստատված հայերի սերունդները: Հարուստ տպավորություններով ավարտվեց հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի անդրանիկ հովվական այցելությունը Մառնեուլիի շրջանի հայկական համայնքներ: |