Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի «Թբիլիսի թայմս» թերթին տված հարցազրույցի տեքստը |
Հոդվածներ |
Վարագա Սուրբ խաչի տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրահատուկ և սիրված տոներից է: Այս տոնը նշում է միայն Հայոց Եկեղեցին և ունի ազգային տոնի հնչեղություն: Այս տոնի մասին գոյություն ունի ավանդություն: Այն սկիզբ է առնում հիմնականում Հռիփսիմե և Գայանե կույսերից: Իսկ եթե պատմության էջերի մեջ շատ խորանանք, ապա կտեսնենք, որ պատմության սկիզբը Հակոբոս Տեառնեղբոր ձեռքից խաչափայտի մի փոքրիկ մասունքն է, որ նվեր է ստանում Պատրոնիկե կայսրուհին: Խաչի մասունքը ժառանգաբար սերունդներին փոխանցվում և հասնում է Հռիփսիմե կույսին, ով Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու տոհմից էր: Երբ որ գալիս է Դիոկղետիանոս կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքների ժամանակաշրջանը, այդ ժամանակ հալածանքների ենթարկվեց նաև Հռիփսիմե կույսը, ով հրաժարվեց կնության գնալ Դիոկղետիանոս կայսրին, քանի որ նա այլևս քրիստոնյա էր: Այդ բանից ավելի է զայրանում Դիոկղետիանոս կայսրը և ավելի է ուժեղացնում հալածանքները Հռիփսիմե կույսի նկատմամբ: Արդյունքում Հռիփսիմե և Գայանե կույսերը, 70 կույսերով հեռանում են կայսրությունից և ճանապարհ են բռնում դեպի Հայաստան: Հասնելով Վան-Վասպուրականի լեռները, Հռիփսիմե կույսը, զգալով հետագա վտանգը, Վանի Վարագա լեռան վրա թաքցնում է խաչափայտի մասունքը, որը կրում էր իր պարանոցին, և շարունակում է ճանապարհը դեպի Հայաստան:
Հետագայում Հովել և Թոդիկ ճգնավորները մոտավորապես իմանալով, որ խաչափայտը գտնվում է Վարագա լեռան վրա, աղոթքով և ճգնավորությամբ բարձրանում են լեռը և ուխտում են չվերադառնալ մինչև չգտնեն խաչափայտը: Այս իրադարձությունը տեղի է ունենում 7-րդ դարի կեսերին: Երկար ժամանակ ծոմով և աղոթքով ապրելով լեռան վրա, լուսե 12 սյուների արտահայտությամբ նշան են տեսնում, որը ցույց է տալիս խաչափայտի մասունքի տեղը և այդ նշանով գտնում են խաչափայտի մասունքը: Այնուհետև լուրը հասնում է Հայոց կաթողիկոսին: Դա տեղի է ունենում Ներսես Շինարար կաթողիկոսի ժամանակ: Կաթողիկոսը, Ռշտունի իշխանի հետ միասին, բարձրանում է Վարագա լեռը: Խաչափայտը գտնելուց հետո Վարագա լեռան վրա կառուցում են երկու եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Նշան անունը: Ահա այստեղից էլ Վարագա Սուրբ Խաչ արտահայտությունը և տոնը, որը մտնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի մեջ և այդ տոնը նշում է միայն Հայոց Եկեղեցին: Ճիշտ է, մինչև 1915 թվականը մասունքը պահվում էր Սուրբ Նշան եկեղեցում, բայց այսօր արդեն մեզ անհայտ է, թե որտեղ է այն գտնվում: Կարելի է ենթադրել, որ այն եկեղեցիները, որոնք այսօր կրում են Սուրբ Նշան անունը, հնարավոր է, որ իրենց մեջ պարունակում են այդ խաչափայտի մասունքները:
Այս տոնը նշվում է համընդհանուր մատուցելով Սուրբ Պատարագ բոլոր եկեղեցիներում և քանի որ այս պատմությունը տեղի է ունեցել Վանում, ժողովուրդը այն կոչել է նաև վանեցիների տոն և առավելապես մեծ շուքով են տոնել այս տոնը հատկապես Վանում, բնականաբար այն ունեցել է իր ավանդույթները, որոնք սակայն արդեն մոռացության են մատնվել:
Ես կմաղթեի, որ ավելի մեծ վերաբերմունք ունենանք Տիրոջ փրկչական Սուրբ խաչի նկատմամբ, որովհետև այն ամենը, ինչ- որ կապված է խաչի հետ, մեզ համար շատ կարևոր է և երկրպագության արժանի: Ավելացնեմ, որ ամեն անգամ խաչին նայելիս, մենք տեսնում ենք խաչյալ Քրիստոսին: Խաչի ամեն մի մասունք Տիրոջ խաչի մի փոքրիկ մասնիկն է, որի վրա թափվել է նրա փրկչական արյունը: Շատ ու շատ եկեղեցիներ են կառուցվել Տիրոջ խաչափայտի մասունքի վրա, կրել Սուրբ խաչ անունը, որով առավել ընդգծվել է խաչի նկատմամբ քրիստոնյաներիս տածած հարգանքն ու սերը:
Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյան Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ
|