Վրաստանում հայերի ներկայությունը դարերի պատմություն ունի։ Հայերի ներդրումը Վրաստանի շրջաններում և հատկապես մայրաքաղաքի կառուցապատման, գեղեցկացման, ու հզորացման գործում, իրապես, անգնահատելի է։ Մեծ է նաև հայության դերը վրացական պետության ուժեղացման, կայացման և զարգացման գործում։ Ուստի, պատահական չէ, որ տեղի հայության շրջանում Հայաստանն ու Վրաստանը հավասարապես հայրենիք են ընկալվում: 1918թ. Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախության հռչակումից հետո, հազարավոր հայեր (որոնցից մոտ 100.000-ը՝ վրացախոս) հայտնվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կազմում։ Այդ պահին նրանք կազմում էին Վրաստանի բնակչության մոտ 20 %-ը։ 1918թ. օգոստոսին Վրաստանի Ազգային խորհուրդը, որը ճանաչվեց՝ որպես ժամանակավոր բարձրագույն օրենսդիր մարմին, որոշում կայացրեց իր կազմում ընդգրկել նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: 5 պատգամավոր կանանց թվում էր հայազգի Էլեոնորա Տեր-Բարսեղովա-Մախվիլաձեն, սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր ժողովի անդամ էր պատգամավոր Միկիչ Բարդոյանցը և ուրիշներ: Նորանկախ Վրաստանի քաղաքներում հայերը սկսեցին նոր թափով իրենց մեծ ներդրումը ունենալ երկրի առևտրա-արդյունաբերական, գիտամշակութային, կրոնական, հասարակական ու քաղաքական կյանքում։ Վիրահայոց թեմի բազմադարյա պատմությունը վրաց ժողովրդի հանդուրժողականության և այլ կրոնների ներկայացուցիչների հետ նրա համերաշխ համակեցության խոսուն վկան է: Կարևոր է նշել, որ, երբ 1917 թ. մարտի 12(25)-ին վերականգնվեց Վրաց Եկեղեցու ինքնուրույնությունը՝ ավտոկեֆալությունը և Վրաց Եկեղեցու գլուխ հռչակվեց Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Կյուրիոն Բ-ն(1917-1918), Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոս Գևորգ 5-ը առաջիններից մեկն էր, ով ճանաչեց Վրաց Եկեղեցու ավտոկեֆալությունը, որը հաստատող նամակը մինչ օրս պահպանվում է Թբիլիսիի Գրականության թանգարանում: Այդ ընթացքում առավել քան արդյունավետ գործակցություն սկսվեց Հայ և Վրաց եկեղեցիների միջև և է՛լ ավելի մեծացավ Վիրահայոց թեմի դերը: Վրաստանի տարածքում գործում էին շուրջ 445 հայկական եկեղեցիներ և մատուռներ (համեմատության համար նշենք, որ ինչպես այդ օրերին, ներկայումս էլ Իրանում 484 գործող հայկական եկեղեցի-մատուռ կա), որոնցից 26-ը՝ Թբիլիսիում, հոգևորականների թիվը հասնում էր շուրջ 350-ի, գործում էին ծխական թեմական տասնյակ դպրոցներ: Իր կարևորությամբ և մեծ նշանակությամբ հայտնի էին Ներսիսյան, Գայանյան օրիորդաց միջնակարգ և Մարիամյան-Հովնանյան դպրոցները: Բացի կրթական հաստատություներից, եկեղեցիներին կից գործում էին մի շարք արվեստի և մշակույթի օջախներ, բարեսիրական կենտրոններ և ընկերություններ, հիվանդանոցներ և հանրային նշանակության կառույցներ: Եկեղեցիներն ունեին իրենց կալվածքներն ու անշարժ գույքը, որոնց եկամուտների շնորհիվ իրականացվում էր վերոնշյալ կառույցների բնականոն գործունեությունը: Հայրենիքից դուրս Հայ Առաքելական Եկեղեցին, որպես կրոնական կառույց, ավանդաբար առանցքային դերակատարում է ունեցել և այսօր էլ ունի հայապահպանության գործում, ուստի եկեղեցու հանդեպ բոլշևիկների վարած հակաեկեղեցական ու հակակրոնական քաղաքականությունը առաջին իսկ հերթին ազդեց ինչպես հայերի սոցիալ-մշակութային, այնպես էլ կրոնական արժեքների պահպանման ու զարգացման վրա: Բոլշևիկների կրոնական հալածանքներն ու բռնաճնշումները ակնհայտ իրենց դրսևորումը գտան հատկապես 1920-ականների վերջին ու 1930-ականների սկզբին: Այդ շրջանում խորհրդային կառավարությունը հրապարակում է մի շարք օրենքներ, ստեղծում հակաեկեղեցական կառույցներ՝ սահմանափակելով եկեղեցու և հոգևորականության գործունեության հնարավորությունները: Բոլշևիկների ձեռամբ ստեղծված «ազատ եկեղեցական» շար¬ժումը կամ «նորոգչական հոսանքը» Կովկաս թափանցեց 1922-1923 թվականներին` որպես «ըմբոստացում» պաշտոնական եկեղեցու դեմ, որոնց գործողությունների արդյունքում իշխանութ¬յունները սկսեցին գանգվածաբար փակել եկեղեցիները: Անդրադառնալով ժամանակի վիճակագրական տվյալներին` նշենք, որ միայն 1923-24 թվականները Խորհրդային Վրաստանում վարչական միջոց¬ներով փակվեցին հայկական 41 եկեղեցիներ` Փոթի, Քութայիս, Բաթում, Ախալցխա, Գորի, Սղնախ, Թելավ, Շուլավեր, Դուշեթ քաղաքներում և մի շարք գյուղերում: Քանդվեց նաև Թելավի հայկական տաճարի մեծ զանգակատունը, հիմնովին կոր¬ծանվեց պատմաճարտարապետական արժեք ներկայացնող Սղնախի հայկա¬կան տաճարը: Միայն Թբիլիսում 1924 թվականի օգոստոսին փակվեց 15 հայկական եկեղեցի: Ընդհանուր առմամբ Խորհրդային Վրաստանում 1923-1924 թվականներին վարչական միջոցներով փակվեց 56 հայկական եկեղեցի: Հայկական եկեղեցիների աննախադեպ, զանգվածային փակման պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ն տագնապալի մի նամակ գրեց ԽՍՀՄ ժողկոմխորհի նա¬խագահ Ա. Ռիկովին: Վիրահայության հոգևոր խորհր¬դի բազմաթիվ խնդրանքները՝ եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, մերժվեցին: Եկեղեցու ունեցվածքր բռնագրավվեց: 1925 թվականին Վրաստանի վարչական մարմինները բռնագրավեցին Վանքի Մայր Տաճարը և առաջնորդարանի շենքը: Բռնադատվեցին և աքսորվեցին տասնյակ հոգևորականներ: Թիֆլիսում առկա հայկական եկեղեցիների թիվը, ըստ 1930 թվականի Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի թեմի գործունեության վերաբերյալ կազմած զեկուցագրի, 1923-1930 թվականների դրությամբ նշվում է 25-ը, որոնք էլ դասակարգվում են ըստ հետևյալ հիմնական խմբերի` գրավված և փակված, փակված և դատարկված, կքնված-փակված, սակայն բացվելու ենթակա և բաց եկեղեցիներ: Ցավոք, Վրաստանի և մասնավորաբար Թբիլիսիի երբեմնի հզոր կրոնական կառույցներից մեկը՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին բոլշևիկների վարած քաղաքականության շնորհիվ ունեցավ անդառնալի կորուստներ: Խորհրդային տարիներին Թբիլիսիում նախկին 26 եկեղեցիներից գործում էին ընդամենը 2-ը՝ Մեյդանի Սուրբ Գևորգը և Հավլաբարի Սուրբ Էջմիածինը, իսկ Ախալցիխեում և Ախալքալաքում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Խաչ եկեղեցիները: Այսօր, չնայած Վրաստանի կառավարության կողմից Վրաստանում գործող կրոնական համայնքների, հատկապես ավանդական կրոնական հաստատությունների նկատմամբ դրսևորած ուշադրությանն ու վերաբերմունքին, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Վիրահայոց թեմը, ինչպես նաև այլ կրոնական կազմակերպություններ, բախվում են խտրականության և այնպիսի խնդիրների հետ, որոնց առկայությունը բացասաբար է ազդում կրոնական կառույցների գործունեության, ինչպես նաև պետության հեղինակության վրա: Անշուշտ, Վրաստանի կրոնական դաշտում առանձնահատուկ նշանակություն ունեցավ 2014 թվականից ի վեր ավանդական կրոնական համայնքներին խորհրդային տարիներին պատճառված վնասի դիմաց տրվող մասնակի փոխհատուցումը: Կառավարության կողմից հատկացված նյութական միջոցները մեծ օժանդակություն են կրոնական համայնքների համար, որը մեր պարագայում օգնում է Վիրահայոց թեմում իրականացնել բազմաթիվ ծրագրեր և ապահովել թեմի ամենօրյա գործունեությունը: Սակայն շարունակում է արդիական մնալ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կառույցներից առգրավված եկեղեցիների վերադարձման և գույքային փոխհատուցման հարցը: Վրաստանի քաղաքացիներն, անկախ իրենց լեզվական, ազգային, էթնիկ և կրոնական պատկանելությունից, իրավահավասար են սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Կրոնական փոքրամասնություններից, այդ թվում՝ Վիրահայոց թեմից խորհրդային ժամանակաշրջանում առգրավված գույքի փոխհատուցման հարցի լուծման անհրաժեշտության մասին են խոսում նաև միջազգային կազմակերպությունները: Այսպիսով՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպայի Խորհրդի Շրջանակային Կոնվենցիայի Խորհրդատվական Կոմիտեն նշում է, որ ընդհանուր առմամբ, մինչդեռ կրոնական որոշ համայնքների եկեղեցու գույքը փոխհատուցվել է կամ գտնվում է փոխհատուցման փուլում, Հայ Եկեղեցու գույքային փոխհատուցումը ձգձգվում է: Տեղ են գտնում նշանակալից հակասություններ: Ինչն էլ պետք է ազդակ լինի Վրաստանի իշխանությունների համար, որպեսզի հնարավորինս արագ տեղի ունենա Խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կառույցներից, մեր պարագայում՝ Վիրահայոց թեմից առգրավված հայկական եկեղեցիների փոխհատուցումը և մշակվի կրոնական կազմակերպությունների հավասարաչափ ֆինանսավորման մեխանիզմ: Տվյալ հարցերը պահանջում են արագ և արդար լուծում, իսկ այդ գործընթացում պետությունը պետք է կատարի մարդու հիմնարար իրավունքներն ապահովող անկախ միջնորդի դեր, առանց որևիցե խտրականության: Հավատում ենք, որ պետական մարմինների նման մոտեցումը կնպաստի Վրաստան պետության հետագա ժողովրդավարական զարգացմանը, ինչը կդառնա բազմազգ և բազմակրոն Վրաստանի երկարաժամկետ զարգացման հիմքը: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ Վիրահայոց թեմը հանդիսանում է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանին կից գործող Միջկրոնական համագործակցության խորհրդի անդամ, ինչպես նաև Վրաստանի Օմբուդսմենի գրասենյակին կից գործող Կրոնների խորհրդի անդամ, որոնց շրջանակներում քննարկվում են կրոնական կազմակերպությունների բազմաթիվ օրակարգային հարցեր: 2012 թվականի մարտի 12-ին, Վիրահայոց թեմը Վրաստանի Արդարադատության նախարարության Հանրային ռեեստրում գրանցվեց՝ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ: 2018թ. դրությամբ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմն ունի 22 հոգևորական, գործող 58 եկեղեցիներ և մատուռներ: Միաժամանակ, թեմին կից գործում են կրթամշակութային և երիտասարդական կենտրոններ, մի շարք ստեղծագործական խմբակներ, կիրակնօրյա դպրոցներ ու նախակրթարաններ: Վիրահայոց թեմը առանցքային նշանակություն է տալիս վիրահայ հավատացյալների ինտեգրմանը վրաց հասարակական ու մշակութային կյանքին: Վիրահայոց թեմը կարևորում է Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու հետ ունեցած առանձնահատուկ հարաբերությունները, որ ձևավորվել են հազարամյակների ընթացքում և Ավետարանի խոսքով ասած՝ «Անկողոպտելի գանձ է» Վրաստանում ապրող հայության համար: Ինչպես Վիրահայոց թեմը, այնպես էլ, համոզված ենք, կրոնական ավանդական մյուս համայնքները գնահատում են նաև Վրաստանի Կառավարությանն առընթեր Կրոնի հարցերով պետական գործակալության աշխատանքները, որը հույս է ներշնչում, որ տասնամյակներով կուտակված բազմաթիվ խնդիրները կստանան իրենց լուծումները:
|