Վիրահայոց թեմի մանկա-պատանեկան երգչախմբերը մասնակցեցին համահայկական մշակութային փառատոնին |
ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո, 2013 թվականից կազմակերպվող «Կոմիտաս վարդապետ» համահայկական մշակութային փառատոնն այս տարի ընթացավ «Երգում ենք Կոմիտաս» խորագրով: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի երգչախմբերը, որոնց երգացանկի անբաժանելի մասն են կազմում կոմիտասյան հոգեհմա երգերը, ամեն անգամ պատասխանատվության մեծ զգացումով և առանձնակի սիրով մասնակցել են բոլոր փառատոներին: 2015 թվականի համահայկական մշակութային փառատոնին Վիրահայոց Թեմը ներկայացավ «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն Լևոն Չիդիլյան) «Ներսես Շնորհալի» և Բաթումի «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնի (տնօրեն Սոնա Հովհաննիսյան) «Աղբյուր» մանկա-պատանեկան երգչախմբերով: Վիրահայոց թեմի երգչախմբերը փառատոնին ընդգրկվեցին սեպտեմբերի 25-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած բացման շքահամերգին ելույթով: Հաջորդ օրը, սեպտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմը ներկայացնող երգչախմբերը հյուրընկալվեցին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, որտեղ Կոմիտաս վարդապետը գրել է իր հայտնի «Լոռվա հորովելը»: Այստեղ երգչախմբերը տեղի դպրոցում հանդես եկան Կոմիտասի երգերի կատարմամբ: Իսկ երեկոյան իրենց կատարողական արվեստը ցուցադրեցին Վանաձորի Շարա Տալյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցում: Համերգը բացելու պատվին արժանացավ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար՝ Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) Կոմիտասի «Հոյ նազան, իմ նազանի» երգով: Վիրահայ երգչախմբերի կողմից Կոմիտասյան երգերի շնորհալի կատարումներն աննկատ չմնացին համահայկական փառատոնի կազմակերպիչների ուշադրությունից:Սեպտեմբերի 27-ին, երեկոյան, քաղաքամայր Երևանում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակման շքահամերգին «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը կատարեց «Սարերի հովին մեռնեմ» երգը Իվանե Մկրտչյանի գլխավորած դուդուկահարների խմբի նվագակցությամբ: Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը (խմբավար՝ Ռուզաննա Օվանեսյան) Բաթումի «Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի օրհնությամբ, սեպտեմբերի 28-ին համատեղ համերգով հանդես եկավ Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում (տնօրեն՝ Անահիտ Գևորգյան): Համերգին իրենց ներկայությունն էին բերել Շենգավիթի շրջանային վարչության փոխղեկավար Հովհաննես Ղալեչյանը և կրթության, սպորտի և մշակույթի բաժնի պետ Արմեն Մարտիրոսյանը: «Երգում ենք Կոմիտաս» համահայկական մշակութային փառատոնը սակայն չէր սահմանափակված միայն համերգներով: Փառատոնի մասնակիցները, ի մասնավորի Վիրահայոց թեմի երգչախմբերը, մայր հայրենիքում անցկացրած երեք օրերի ընթացքում, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի, Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, դուդուկահար Իվանե Մկրտչյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության նահատակների Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դիտեցին տուն-թանգարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեցին կիրակնօրյա Սրբազան Պատարագին, եղան նաև Զվարթնոցի վաղմիջնադարյան և Սուրբ Հռիփսիմեի տաճարներում: Կոմիտասյան երգի արհեստավարժ կատարումներից և համահայկական փառատոնից ստացած վառ և անմոռանալի տպավորություններով, նաև մեծ երգահանի անմահ արվեստն իր բոլոր նրբերանգներով սովորելու ոգևորությամբ ու նոր ընկերներով ու մտրիմներով հարստացած Վիրահայոց թեմի պատանի կատարողները վերադարձան Վրաստան: |