Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը Վիրահայոց թեմում |
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց հատուկ տոնի կապակցությամբ Թբիլիսի ժամանած Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը ուխտավորների հետ: Հընթացս Սրբազան Պատարագի, Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, մեկնաբանեց Աստծու խոսքի կարևորությունը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում և կոչ արեց մայր հայրենիքում և Սփյուռքում տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, պահել ու պահպանել մեսրոպյան ոսկեղենիկ լեզուն, որը մեր ինքնության գլխավոր երաշխիքն է: Հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները այցելեցին Խոջիվանքի Հայոց Մեծերի Պանթեոն, որտեղ խմբին միացան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Երևանի ֆրանսիական դպրոցի փոխտնօրեն Անուշ Գևորգյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը և ուրիշներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայոց մեծերի շիրիմներին, որից հետո հոգևոր հայրեր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ, հայցելով Սուրբ վարդապետների բարեխոսությունը: Տոնի նշանակության, այն սերունդներին փոխանցելու կարևորության մասին խոսք ասացին Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և խմբագիր Վան Բայբուրթյանը: |