Հայագիտական hանդեսի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում |
2015 թվականի նոյեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալվեց Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանն՝ ընկերակցությամբ Երևանի Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի: Գալուստ Գյուլբենկյան սրահում պատվավոր հյուրերին ողջունեց և ներկա թբիլիսահայությանը ներկայացրեց Թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Նա իր խոսքում արժևորեց Բեյրութի Հայկազյան համալսարանի մայր հայրենիքից դուրս գտնվող Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն լինելը և հավելեց, որ ներկայումս բուհում սովորողների 51 տոկոսը հայ երիտասարդներ են, իսկ 49 տոկոսը՝ օտարազգիներ, համալսարանի վկայականը ճանաչված է աշխարհի բազում առաջատար երկրների կողմից, ինչը համալսարանի բարձրակարգ կրթական օջախ լինելու վկայությունն է : Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարը հավուր պատշաճի ներկայացրեց հանդեսի 35-րդ հատորը, որն ամբողջությամբ նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձին և որի շնորհանդեսն օրերս տեղի էր ունեցել Երևանում: Բանախոսը արժևորեց, որ 1991 թվականից հայագիտական հանդեսի հրատարակությունը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից այն իրականացվում է ամենայն պատասխանատվությամբ և բարձր որակով: Անդրանիկ Դաքեսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայկազյան համալսրանի 55-ամյա գործունեությանը, ի մասնավորի խոսեց համալսարանի հիմնադիրների, կրթական ոլորտների ու պատրաստվող մասնագետների, ուսումնասիրվող առարկաների և դասավանդման լեզուների, ինչպես նաև Հայաստանի բուհերի ու Սփյուռքի հայկական համայքների հետ համալսարանի հարաբերությունների մասին: Հանդիպում-շնորհանդեսն ընթացավ երկխոսության ձևաչափով, որի ընթացքում ներկաները հետաքրքրվեցին Սիրիայում զարգացող իրադարձություններով, հայ համայնքի գործունեությամբ, կրթական և մշակութային կյանքով,արտահոսքով, հայապահպանության և ազգապահպանության դրվածքով: Հանդեսի խմբագիր- պատասխանատուն սիրով պատասխանեց ներկաների հարցերին և կարևորեց վիրահայ համայնքի հետ հարաբերությունները խորացնելու և կապերը ամրապնդելու անհրաժեշտությունը: |