Էքսկուրսիա քաղաքի հայկական հետքերով |
2015 թվականի նոյեմբերի 29-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական (տնօրեն՝ Վալերի Բադալյան) և կրթության (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) բաժինների նախաձեռնությամբ, հայոց պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի գլխավորությամբ և երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի ուղեկցությամբ, թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների և երիտասարդական բաժնի ակտիվ անդամների ու հետաքրքրվող ուսանողների մասնակցությամբ կատարվեց հերթական էքսկուրսիան Թբիլիսիի հայկական հետքերով: Էքսկուրսիան մեկնարկեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց: Երիտասարդները քայլելով հասան Շամխորեցոց Կարմիր Ավետարան Եկեղեցու փլատակներին, ունկնդրեցին եկեղեցու պատմությունը: Շարունակելով ճանապարհը, խմբի անդամները հիշեցին Թբիլիսիի հիմնադրման պատմությունը և տեսան Վախթանգ Գորգասալիի արձանը: Ուսուցիչ Կարապետյանը Մետեխի բերդի պատմությունը ներկայացնելուց հետո, խոսեց նաև Շուշանիկ թագուհու քրիստոնեական հավատքի համար նահատակության մասին, ցույց տվեց նրա գերեզմանը և քաղաքի մշակութային այլ արժեքները: Գեղատեսիլ քաղաքի հպարտությունն են կազմում նրա բազմազգ բնակչությունը և բազմակրոն դավանանքը: Էքսկուրսիայի մասնակիցները հիացմունքով դիտեցին քաղաքի կենտրոնում կողք-կողքի կանգնած Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների հոգևոր տաճարները, էբրայական սինագոգան և իսլամական մզկիթը: Երիտասարդությունը դիտեց և մոմեր վառեց Սուրբ Գևորգ վերակառուցված առաջնորդանիստ տաճարում: Շարունակելով էքսկուրսիան քաղաքի հայկական հետքերով, Ռեվիկ Կարապետյանի առաջնորդությամբ շրջայց կատարվեց Շարդենի փողոցով:Երիտասարդները քայլեցին Առևտրական կամ Բամբակի շարքերով, ունկնդրեցին հայ ազգի մեծ գործարար և մեկենաս Ալեքսանդր Մանթաշովի, նրա բարեգործությունների մասին, դիտեցին Սուրբ Նշան եկեղեցին: Հայ մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արձանի մոտ պատմության ուսուցիչը պատմեց տաղանդավոր ստեղծագործողի, նրա նկարահանած կինոֆիլմերի մասին: Այնուհետև ցույց տվեց վրաց տաղանդավոր դերասանուհի Սոփիկո Ճիաուրելիի արձանը, պատմեց վրաց դերասանուհու մասնակցությամբ Սերգո Փարաջանովի ֆիլմերի մասին: Երիտասարդների էքսկուրսիան ավարտվեց վառ տպավորություններով: Ավելացնենք, որ նման էքսկուրսիաները քաղաքի հայկական հետքերով շարունակական են: |