1

fb you od

Վավերագրական ֆիլմերի ցուցադրություն «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

film 

2016 թվականի հունվարի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վավերագրական ֆիլմերի ցուցադրություն, որին ներկա էին Երևանից ժամանած ճանաչված ռեժիսորներ Հակոբ Կարանֆիլյանը և Մովսես Գասպարյանը:

Հակոբ Կարանֆիլյանի «Ախթամար» ֆիլմը Հայաստանում և աշխարհում եղած հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների մասին վավերագրական ֆիլմերի «Էրգիր» շարքից էր: Այն դիտողին տեղափոխեց պատմական հայրենիք, ցուցադրելով Վանա ծովի անզուգական գեղեցկությունը, փիրուզագույն ջրերից վեր խոյացող Ախթամար կղզին իր պատկառելի Սուրբ Խաչ հայոց եկեղեցով: Թեև հայազուրկ է պատմական Վանն ու Ախթամար կղզին, բայց այնտեղ պահպանվել է հայոց հոգևոր կոթողի լույսն ու զորավոր ուժը, որ այնպես հստակ արտահայտված է ֆիլմում: Ռեժիսոր Կարանֆիլյանն ընդարձակելով տեսանյութի շառավիղը, դիտողին ընկալելի է դարձրել նաև տարածաշրջանային խորհրդանշաններն՝ ի դեմս Վանա լճի համային բարձր հատկանիշով տառեխ ձկան տեսակի և աներևակայելի աչքերով Վանա կատվի:

Խորը փիլիսոփայական էր Մովսես Գասպարյանի «Մահվան դուռը» վավերագրական ֆիլմի տպավորությունը: Ֆիլմի գաղափարական հենք դարձնելով կյանքի և մահվան գաղափարը, ռեժիսորը ամենազոր Արարարչի կողմից մարդու ստեղծումից հետո, աստիճանաբար բացելով մահվան ճանապարհը, տարբեր մասնագիտությունների անձանց պատկերացումների և նկարագրությունների միջոցով ցույց է տալիս այն ուղին, որը մահկանացուին ուղեկցում է նրա կյանքի ողջ ընթացքում, երկրայինից նրան տանում է դեպի հավիտենականություն:

Ռեժիսորներ Հակոբ Կարանֆիլյանը և Մովսես Գասպարյանը սիրով պատասխանեցին ֆիլմերի ցուցադրությունից հետո հանդիսատեսի մոտ առաջացած հարցերին, որոնք վերաբերում էին պատմական հայրենիքում նկարահանումների հետ կապված դժվարություններին, հիվանդության պատճառած ցավին, մահվան հոգեվարքին: Ռեժիսորները խոսեցին նաև իրենց հետագա աշխատանքների մասին, որոնցից մեկը լինելու է Թբիլիսիի հայկական պատմա-ճարտարապետական ժառանգությանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումը:

Մայր հայրենիքից ժամանած կինոռեժիսորները «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանին նվիրեցին իրենց ֆիլմերի խտասկավառակները, որոնք պարբերաբար ցուցադրվելու են կենտրոնում:

DSC05117 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)