Միջինքի տոնակատարությունը Ջավախքում |
2016 թվականի մարտի 2-ին, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հավուր պատշաճի պատրաստվել էր Մեծ պահքի կիսվելուն նվիրված Միջինքի տոնակատարությանը: Ընդունված ավանդույթի համաձայն, տասնյակ մասնակիցներ Ախալքալաքից և հարակից գյուղերից ներկայացել էին ջավախքյան գաթաներով: Տոնական օրվա կապակցությամբ Ախալքալաք էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի» ղեկավար Լևոն Չիդիլյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ: Թեմակալ առաջնորդին և պատվիրակության անդամներին Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցու մոտ դիմավորեցին Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, եկեղեցու հոգևոր դասը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին: Երեկոյան ժամերգությունից հետո «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հովանավորությամբ այս առիթով հատուկ ժամանած «Ծաղկազարդ» երգչախմբի հոգևոր և ժողովրդական երգի համերգ: Նրանց բարձրաճաշակ կատարումները մեծ ոգևորություն պատճառեցին եկեղեցում լեփ-լեցուն հավաքված ժողովրդին: Մշակութային ծրագրի ավարտին, ազգային տարազներ հագած աղջիկները գաթայով կանգնեցին եկեղեցում: Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հոգևոր դասը կատարեց գաթայի օրհնության կարգ և գաթան բաժանվեց ժողովրդին: Այնուհետև Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, թեմի հոգևոր սպասավորներին, գաթաները ամենայն հոգատարությամբ պատրաստած կանանց, տեղական իշխանության ներկայացուցիչներին, կազմակերպիչներին, «Ծաղկազարդ» երգչախմբի անդամներին: Հոգևոր առաջնորդն իր օրհնությունը և սերը փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին Վիրահայոց թեմին մնայուն աջակցելու համար: Թեմի առաջնորդն իր եղբայրական սերը հայտնեց Վրաց Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլուն, նրա համագործակցությունը տեղի հոգևոր դասի հետ դիտարկելով որպես երկու քույր Եկեղեցիների ճշմարիտ գործունեություն: Իր խոսքում միտրոպոլիտ Նիկոլոզը կարևորեց այն, որ եկեղեցական տոների հետ միասին հայ ժողովուրդը պահպանում է իր ժողովրդական և մշակութային ավանդույթները, ինչը հարստացնում է յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքը: Ախալքալաքում արարողությունն ավարտելուց հետո, Վիրահայոց թեմի առաջնորդը և պատվիրակության անդամները ուղևորվեցին Նինոծմինդա: Այստեղ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ միասին պատվելի հյուրերին դիմավորեցին Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, կենտրոնի ուսուցիչները, հավատացյալները: Նինոծմինդայում ևս կատարվեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների ուժերով տրվեց համերգային ծրագիր: Սրբազան Հայրը օրհնեց գաթան, բարձր գնահատեց կազմակերպիչների և գաթա պատրաստողների նվիրումը ժողովրդական ավանդույթներին: Եկեղեցու երգչախումբը շարականների երգեցողությամբ գաթաները բերեց ներս և ներկայացրեց մրցատյանին: Լավագույն գաթա պատրաստողները ստացան պատվոգրեր և հուշանվերներ և գաթան բաժանվեց ժողովրդին: Թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին կենտրոնի հովանավորության համար, որտեղ հավաքվել և ուսանում են այսքան շնորհաշատ երեխաներ: Տպավորիչ էր կենտրոնի սան Անի Սանոսյանի կողմից իր հասակակիցների շրջանում կազմակերպված բարեգործական գործողությունը, որի արդյունքում ստացված գումարը բաժանվեց տեղի չորս բազմազավակ ընտանիքների: Ուշ երեկոյան Վիրահայոց թեմի առաջնորդը պատվիրակության հետ միասին վերադարձավ Թբիլիսի:
|