Ավագ հինգշաբթին՝ Վիրահայոց թեմում |
2016 թվականի մարտի 24-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Այնուհետև Եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Թեմի հայոց եկեղեցիների հոգևոր հայրերը, Տիրոջ այս օրինակով, շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվացին տասներկու մանուկների ոտքերը և օծեցին օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարված արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցրեցին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Հընթացս խավարման կարգի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ներկա հավատացյալներին Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր պատգամում հորդորեց Տեր Հիսուսին հավատարմության ուխտ անել, ապրել քրիստոնեական սիրով և երբեք չդավաճանել Աստվածորդուն: Խավարման կարգ կատարվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի մյուս եկեղեցիներում ևս:
|