Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում |
2016 թվականի մարտի 27-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ: Հավատացյալներով լեփ-լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց ժամերգություն, Անդաստան, այնուհետև մատուցվեց Զատկական Սուրբ և Անմահ Պատարագ: Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հորը ողջունելու և Սուրբ Պատարագին մասնակցելու համար Բաթումիի հայոց եկեղեցի էին եկել Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, Բաթումիում Իրանի Իսլամական Հանրապերության Գլխավոր հյուպատոս Հուսեյն Մաշհադին, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում Թեմակալ Առաջնորդը բացումը կատարեց նկարիչ Հրաչ Սեչինյանի աշխատանքների ցուցահանդեսի: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի բռնագրավված տարածքների և բռնի տեղաշարժվածների ու փախստականների նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը: Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը շնորհավորեց ներկաներին Քրիստոսի Հարության հրաշազարդ տոնի առիթով, և հանուն Վիրահայոց թեմի առաջնորդի ողջունեց Վրաստանի վարչապետ տիար Գիորգի Կվիրիկաշվիլիին և ներկա պաշտոնյաներին, ի մասնավորի ասելով. «Կան հարյուրավոր ժողովուրդներ, որ պետականություն չունեն, իսկ վիրահայերս՝ երկուսն ունենք: Մենք հավասարապես սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը: Մենք հպարտ ենք, որ հայ ենք և հպարտ ենք, որ ազատ, անկախ Վրաստանի քաղաքացիներ ենք...»: Հատկանշական է, որ ողջ Ավագ շաբաթվա ընթացքում և Սուրբ Զատկի օրը քույր եկեղեցիների հավատացյալներ՝ ղպտիներ, ասորիներ և հնդիկ մալաբարներ, սիրով իրենց մասնակցությունը բերեցին Թբիլիսիի հայոց եկեղեցիների ծիսական արարողություններին: Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:
|