Վիրահայոց թեմի առաջնորդն այցելեց Հայոց թատրոն |
2016 թվականի մարտի 29-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ընկերակցությամբ Քվեմո Քարթլիի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի և իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի, այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոն: Թատրոնի ղեկավարության և ստեղծագործական անձնակազմի հետ հանդիպմանը ներկա էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թատրոնի առաջատար դերասաններ Մելանիա Բարսեղյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոմեո Մաթիաշվիլին և այլոք: Սրբազան հայրը իր օրհնությունը բերեց Սուրբ Հարության տոնի առիթով, շնորհավորելով դերասանների Սուրբ Զատիկը: Առաջնորդը թատրոնի գեղարվեստական ղեկավարին և դերասանական կազմին շնորհավորեց օրերս Երևանում «Արտավազդ» մրցանակ ստանալու համար: Ադամյանցիները«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացան «Սովորական պատմություն» ներկայացման համար: Վազգեն Սրբազանը կարևորեց թատրոնի ստուդիայի գործունեությունը, որն ապահովում է թատրոնի սերնդափոխությունը և արվեստի տունը համալրում շնորհալի երիտասարդ դերասաններով: Թեմակալ առաջնորդը, կարևորելով թատրոնի վերանորոգչական աշխատանքները նշեց, որ Վրաստանի վարչապետի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի զատկական այցի ժամանակ վերջինիս ուշադրությանն է հանձնվել թատրոնի վերանորոգության հարցը և այն կարևորությունը, որ ունի թատրոնը հայ համայնքի կյանքում: Վազգեն Սրբազանը ցանկացավ և փափագեց, որպեսզի ամենամյա Սայաթնովյան «Վարդատոնը»,ինչպես եղել է ավանդաբար, այսուհետ ևս ծրագրի և իրականացնի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը , իսկ համայնքային մյուս կառույցները լինեն աջակից և զորավիգ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն իր երախտագիտությունը հայտնեց Առաջնորդին օրհնաբեր այցելության համար և մաղթեց, որ Սրբազանի օրհնությունը և աղոթքները միշտ ուղեկից և աջակից լինեն հայ թատրոնին: Հանդիպմանը քննարկվեցին թատրոնի խնդիրները և առաջիկա ծրագրերը: Դերասանները խնդրեցին Առաջնորդ Հոր աջակցությունն ու օժանդակությունը Սփյուռքի տարբեր համայնքներում հյուրախաղեր կազմակերպելու համար, ինչպես նաև արծարծվեց թատրոնի 160-ամյակը պատշաճ կազմակերպելու հարցը: Հանդիպումն ընթացավ ջերմ և հոգևոր մթնոլորտում: |