1

fb you od

Ավետիք Իսահակյան – 140 PDF Տպել Էլ.փոստ

Avetiq Isahakyan 

2016 թվականի մարտի 31-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին: Գրական-երաժշտական երեկոն նախաձեռնել էր Թեմի Սուրբ Եղիա Մարգարե կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Էլինա Մկրտչյանը և Կարեն Պարունակյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թեմի հոգևոր հայրերը, գրականության, մշակույթի աշխատողներ, բազում երիտասարդներ, Մեծ Վարպետի պոեզիայի երկրպագուներ:

Ժողովրդի կողմից սիրված բանաստեղծի պանծալի հոբելյանը առանձնահատուկ հնչեղություն էր ձեռք բերել, քանզի Մեծ Վարպետի մասին խոսք էին ասում ընդամենը մի քանի ամիս առաջ մայրենին սերտած այլալեզու հայորդիները: Նրանց հայերենով արտասանությունը, երգը, ասույթներն ու մեջբերումները, աշխարհի երևելիների գնահատականը Ավետիք Իսահակյանին, նրա պոեզիայի վրացերեն թարգմանությունները միջոցառումը դարձրին բարձրարժեք և հետաքրքիր: Ժողովրդի ցավին, հայրենիքի դաժան ճակատագրին, մարդկային դավաճանությանը, որդիական անտարբերությանը ու հայրենասիրությանը, հավերժական սիրուն, մայրական ջերմությանը նվիրված բանաստեղծությունները ներկաներին տեղափոխեցին միշտ արդիական, սրտամոտ և սրտառուչ Մեծ Վարպետի պոեզիայի աշխարհը:

Հատկանշական է, որ հայերենի ուսուցման նվիրյալ մանկավարժն իր սաների հետ միասին մասնակիցն էր գրական-երաժշտական մոնտաժին` իր խոսքով, տպավորիչ արտասանությամբ և հոգեհմա երգով:

Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը արժևորեց Մեծ Վարպետի պոեզիայով, նրա ժողովրդասիրությամբ և հայրենասիրությամբ հայերենից կտրված հայ երիտասարդներին իրենց արմատներին վերադարձնելու, բանաստեղծի կերպարով ոգեշնչելու մանկավարժի մոտեցումը, այն որակելով ուսուցչի հայոց լեզվի և հայ գրականության նկատմամբ մեծ սիրո և նվիրումի դրսևում:

Հավարտ միջոցառման իր օրհնությունը հղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բարձր գնահատեց արդեն 20 տարի Թեմում գործող կիրակնօրյա դպրոցի դերն ու նշանակությունը Սփյուռքում, ի մասնավորի Թբիլիսիում հայերենը պահպանելու ազգանվեր գործում: Սրբազան Հայրը կիրակնօրյա դպրոցի կազմավորման ակունքներից մինչև օրս մեծ սիրով և պատասխանատվությամբ իր գործը կատարող Ռոզա Զոհրաբյանի աշխատանքը անվանեց հայոց լեզվի տարածման առաքելություն: Սրբազան Հայրը կարևորեց Ավետիք Իսահակյանի կապը և ներդրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի գործունեության, այլ ժողովուրդների և գրականությունների մերձեցման մեջ:

Երեկոն դարձավ Ավետիք Իսահակյանի ժողովրդական պոեզիայով և երգերով հագեցած իսկական տոն:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)