Վիրահայ երիտասարդների շրջայցը Վրաստանի նախագահի նստավայր |
Հանրային իրավունքի իրավաբանական անձ ՆԱՏՕ –ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ և «ՆԱՏՕ-ի շաբաթ» ծրագրի շրջանակներում, 2016 թվականի ապրիլի 16-ին կազմակերպվեց հայ երիտասարդների ճանաչողական էքսկուրսիան Վրաստանի նախագահի նստավայր: Միջոցառմանը մասնակցում էին Թբիլիսիի բուհերում սովորող Ջավախքի ուսանողները և Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ու «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ակտիվիստները: Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի, երիտասարդական բաժնի համակարգող Նինա Սերոպովայի և Եվրամիության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Քեթի Կուպրաձեի գլխավորությամբ հայ երիտասարդների շրջայցը երկրի նախագահի նստավայրում սկսվեց Էքվթիմե Թաղաիշվիլու անվան դահլիճից, որտեղ տեղի են ունենում Վրաստանի նախագահի հանդիպումները երկիր ժամանած արտասահմանյան պատվիրակությունների հետ: Հայ երիտասարդները դիտեցին նաև 67 թափանցիկ սրտաձև ապակե կտորներից բաղկացած հուշարձանը, որը խորհրդանշում է Վրաստանի բազմազգ և բազմադավան կազմը: Այնուհետև կայացավ ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Սոֆիո Շամանիդիի հանդիպումը Վիրահայոց թեմի երիտասարդների խմբի հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդներն արտահայտեցին իրենց տպավորությունները, ինչպես նաև զրուցեցին մի շարք հարցերի շուրջ : |