Վիրահայոց թեմի պաշտոնեության կիսամյակային հաշվետու ժողովը |
Լուրեր |
2016 թվականի հուլիսի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի պաշտոնեության, բաժինների և կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը: Ժողովը նախագահեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ժողովին ներկա էին հոգևոր դասի ներկայացուցիչները և բաժինների աշխատակիցները: Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, որից հետո հաստատվեց օրակարգի հարցերը, որոնք էին. ա) Թեմի բաժինների տնօրենների եռամսյա աշխատանքների հաշվետվությունը, բ) Երկրորդ կիսամյակի հանձնարարականները: Տնօրենները մեկ առ մեկ ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում իրենց ղեկավարած բաժինների կատարած աշխատանքները: Նկատելի էր իրավական և համագործակցության բաժնի առաջընթացը պետական կառույցների, կրոնական համայնքների հետ հարաբերությունների, Վրաստանում հայկական հոգևոր արժեքների ուսումնասիրության, սոցիալական օժանդակության, կալանավայրեր այցելությունների կազմակերպման ուղղությամբ: Թեմի կրթության բաժնի հաշվետվության մեջ ընդգրկված էր Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի», Բաթումի «Գրիգոր Լուսավորիչ», Ախալքալաքի շրջանի Արակովայի «Խրիմյան հայրիկ» նախակրթարանների, Թբիլիսիի և Բաթումիի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների գործունեությունը: Խոսելով Թեմի գործունեության լուսաբանման մասին, նշվեց լրատվական բաժնի կողմից վրացական լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքի անբավարարությունը, որը արտահայտվում է վրացական զանգվածային լրատվամիջոցների կողմից հետաքրքրության բացակայությամբ և անտարբերությամբ: Վրաստանում հայ պատմա-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ ոգեշունչ գործունեության հետ միասին նշվեց, որ երիտասարդական բաժնի համար շարունակում են առաջնային մնալ հայ երիտասարդությանը Հայոց Եկեղեցու շուրջը համախմբելու, տարբեր ծրագրերին մասնակից դարձնելու հարցերը: Մշակութային բաժնի գործունեության մասին զեկույցը ներառնում էր Թբիլիսիի «Հայարտուն», Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնների կատարած աշխատանքները, նկատելի դարձնելով երկու կենտրոնների ստեղծագործական խմբերի կատարողական վարպետության մշակվածությունը: Արժևորվեց մշակութային և գիտական այն գործունեությունը, որը լինելու է մշակույթի և արվեստի թումանյանական «Վերնատուն» կենտրոնում, անդրադարձ կատարվեց ընթացող վերանորոգչական աշխատանքներին և ավարտման ժամկետներին: Ամփոփելով հաշվետու ժողովը, Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունը բաշխեց ժողովի մասնակիցներին, դրական գնահատեց բաժինների կողմից կատարված աշխատանքները և տվեց հետագա գործունեության նոր հանձնարարականներ: Թեմի բաժինների կիսամյակային հաշվետու ժողովն ավարտվեց Թեմակալ առաջնորդի և նրա օգնականի «Պահպանիչ» աղոթքով: |