1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդական ջոկատը սկաուտական ճամբարում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

scout 

2016 թվականի հուլիսի 11-ից 21-ը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստ 26 տղաներ ու աղջիկներ, «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ, ամառային հանգիստը անցկացրեցին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող «Անդրանիկ» սկաուտական ճամբարում: ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական ճամբարի այս փուլին մասնակցում էին ԱՄՆ-ի, Իրանի, Իրաքի, Դուբայի և Վրաստանի խմբերը ներկայացնող 150 սկաուտներ: Հուլիսի 13-ին տրվեց ճամբարային կյանքի մեկնարկը: Սկաուտական բանակի բացման արարողությանը իր օրհնությունը բերեց Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Սկաուտական ճամբարները հիանալի առիթ են մայր հայրենիքում, մեկ հարկի տակ տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդներին իրենց հասակակիցների հետ շփվելու, տարբեր դժվարություններով միասին անցնելու, իսկ օրվա վերջում խարույկի շուրջ տպավորություններով կիսվելու համար: Ուրախ և հետաքրքիր էր անցնում սկաուտական առօրյան ճամբարում. այն սկսվում էր առավոտյան մարզանքով ու դրոշակի բարձրացման արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն:

Արդեն մի քանի տարի շարունակ թբիլիսահայ երիտասարդները սիրով են ընդգրկվում սկաուտական կյանքին, նախընտրելով անտառային հովտում հանգիստը անցկացնելու առողջարար կենսակերպը: Անի և Արմինե Ղուշչյանների, Միլենա Գալուստովայի, Սերգեյ Կամալովի, Էդուարդ Ղարագյոզյանի, Լիդիա Աբրահամյանի համար ճամբարը նաև այս ստվերախիտ անտառում նախորդ տարիներին ծանոթացած և մտերմացած ընկեր-ընկերուհիներին հանդիպելու և զվարճալի օրեր անցկացնելու երջանիկ հնարավորություն է:

Վիրահայ երիտասարդները, ակտիվորեն մասնակցելով ճամբարային կյանքին, արժանացան ճամբարի տնօրեն Ռայմոնդ Հարությունյանի բարձր գնահատականին, իսկ այս տարվա թբիլիսյան ջոկատի տիպար սկաուտ դարձան Արմինե Ղուշչյանը և Էդուարդ Ղարագյոզյանը:

Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում ճամբարականներն այցելեցին Խոր Վիրապ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,Սևանավանք, Հաղարծին, Հաղպատ, Սանահին, եղան Երևանում, այցելեցին TUMO կենտրոն, Ծիծեռնակաբերդ, հայորդյաց տուն:

Ճամբարի մասնակից սկաուտները հրաժեշտ տվեցին միմյանց` հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով: 

13701050 13735717 13835637 13843451 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)