Լուրեր
|
2016 թվականի հուլիսի 28-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի քաղաքային ժողովի (Սակրեբուլոյի) անկախ պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլու հետ: Մինչև հանդիպման սկսվելը, հյուրը շրջայց կատարեց «Հայարտուն» կենտրոնում, դիտեց սրահները, նախակրթարանը, տեղեկացավ մշակութային կենտրոնի գործունեության մասին:
Բացելով հանդիպումը «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը շնորհակալություն հայտնեց անկախ պատգամավորին Թբիլիսիի ազգությամբ հայ համաքաղաքացիների կյանքով հետաքրքրվելու և նրանց հետ հանդիպելու պատրաստակամության համար: Հանդիպման թեման «Թբիլիսիի բազմամշակութային պատմությունն» էր, ժամանակին մշակութային կենտրոն հանդիսացող այս քաղաքում հայկական հետքի պահպանումը: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Անկախ պատգամավորը ներկայացրեց քաղաքային ժողովի գործունեությունը, քաղաքաշինության ուղղությամբ կատարվող աշխատանքները, քաղաքի զարգացման հեռանկարները: Բանախոսն իր խոսքը կենտրոնացրեց Թբիլիսիի մշակութային բազմաբղետության և հատկապես հայկական հետքի վրա: Պատգամավոր Էլիսաշվիլին ընդգծեց նաև թբիլիսահայության պասսիվությունը հայկական հետքը միշտ վառ պահելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում շոշափվեցին քաղաքային թիվ մեկ հիվանդանոցում, որը քաղաքի բնակչության շրջանում արդեն 100 տարի պահպանում է հիմնադիր Միքայել Արամյանցի անունը, Սոլոլակում գտնվող Ալեքսանդր Մանթաշովի տան պատին հուշատախտակներ ամրացնելու, «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցում, որը եղել է Միքայել Արամյանցի այնքան սիրելի «Մաժեստիկ» հյուրանոցը, ցուցանմուշային հիշատակ ստեղծելու, Վերեի գերեզմանատանը հանգչող արժանավոր հայորդիների շիրիմները հաշվարկելու հարցերը: Առաջարկություն եղավ Սակրեբուլոյի շենքի ապակեպատ սրահում համատեղ Թբիլիսիի եռակի ընտրված քաղաքապետ, արժանավոր հայորդի Ալեքսանդր Մատինյանցի հիշատակին միջոցառում, «Թբիլիսիի հայկական հետքը» կարգախոսով ցուցահանդես կազմակերպելու մասին: Հյուրի և հանդիպման մասնակիցների կողմից կարևորվեց սերունդներին Թբիլիսիի բազմամշակութային պատմությունը ուսուցանելու և ժողովուրդների նկատմամբ հարգանքի և սիրո շնչով դաստիարակելու անհրաժեշտությունը: Հանդիպման մասնակիցները ցանկություն հայտնեցին ստեղծել նախաձեռնողական խումբ, որը պարբերաբար քաղաքային խորհրդին կներկայացնի քաղաքի զարգացման և նրա կոլորիտի պահպանման հետ առնչվող հարցերը՝ համատեղ լուծում տալու նպատակով:
|