Վիրահայ երիտասարդները մասնակցեցին «Արի տուն» ծրագրին |
Լուրեր |
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախորդ տարիների նման, մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2016 թվականի «Արի տուն» ծրագրին: Հունիսի 19-ից առ հուլիսի 30-ը Վիրահայոց թեմի 85 ակտիվ երիտասարդներ (Թբիլիսիից 60, Մառնեուլիի, Բոլնիսի շրջաններից և Բաթումիից 25) ընդգրկվեցին ծրագրի երեք փուլերին: Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի, հոգևոր արժեքների իմացությամբ և օրինակելի վարքով: Հատկանշական է, որ մասնակիցների ներգրավումը ծրագրի փուլերին իրականացվում էր թեմի երիտասարդական բաժնի տնօրենի ներկայությամբ և անմիջական վերահսկողությամբ, մասնակիցների և նրանց ծնողների հետ տարած բացատրական աշխատանքով, հանդիպումներով և ժողովներով: Երիտասարդների շրջանում ընկերական մտերմություն ստեղծելու և թիմային մոտեցում առաջացնելու նպատակով մեկնող թիմերի միջև Թբիլիսիում կազմակերպվեց զվարճալի խաղերի մրցույթ: Վիրահայ 13-18 տարեկան երիտասարդները երկշաբաթյա տևողությամբ հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, այցելեցին Հայաստանի հոգևոր և մշակութային տեսարժան վայրեր, ծանոթացան բազում արժեքներին, Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին, խարույկին: «Արի տուն» ծրագրի ղեկավարության կողմից արժևորվեց Վրաստանի հայ երիտասարդների կազմակերպվածությունը և ակտիվությունը: Ի պատասխան օրինակելի կարգապահության, տուն վերադարձի ճանապարհին երիտասարդների խմբերը այցելում էին Մակարավանք և Օձունի տաճար: Մայր հայրենիքի կողմից սփյուռքահայ երիտասարդների նկատմամբ դրսևորված սերն ու ջերմությունը, ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մերձեցումը ազգային մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նոր ընկերներն ու հաստատված մտերմական հարաբերությունները հայրենասիրության և ազգասիրության նոր լիցք առաջացրեցին երիտասարդների հոգում: Վիրահայ երիտասարդները «Արի տուն» ծրագրից վերադարձան իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած ուրախ օրերից: |