«Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2016-17 ուս. տարվա մեկնարկը |
Լուրեր |
2016 թվականի սեպտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում մեկնարկեց 16-17 ուսումնական տարին: Վաղ առավոտից ուրախ աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Գույնզգույն ծաղկեփնջերով 40 հայ մանուկներ իրենց ծնողների հետ, ուսուցիչների ուղեկցությամբ, եկել էին մասնակցելու առավոտյան ժամերգությանը: Հավարտ ժամերգության, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը սաներին, ծնողներին և ուսուցիչներին փոխանցեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական սերն ու օրհնությունը: Հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհավորեց նախակրթարանի առաջին օրվա առիթով, մաղթեց և հորդորեց ծնողներին և ուսուցիչներին օժանդակել, քաջալերել սաներին իրենց երազանքները ի կատար ածելու գործում: Հայր Խորենը ցանկացավ, որպեսզի նրանք չվախենան իրենց առջև բարձր նշաձողեր դնել և համարձակ առաջ ընթանալ՝ կյանքի կոչելու երազանքները: Սաները, ստանալով հոգեշնորհ Հայր Սուրբի օրհնությունը, «Տերունական» և «Պահպանիչ» աղոթքներից հետո ուղղվեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց սպասում էին փուչիկներով, ծաղիկներով ու խաղալիքներով զարդարված դասասենյակները: Առաջին օրը նախակրթարանում սկսվեց նորեկների և ավագների հանդիպման ուրախությամբ և զվարճալի խաղերով: Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ, նախակրթարանը կազմ ու պատրաստ՝ հստակ դասացուցակով ու դասաբաշխմամբ, արհեստավարժ ուսուցչական կազմով ձեռնամուխ եղավ աշխատանքներին: Հավելենք, որ այստեղ երեխաները բացի ճանաչողական-ուսուցողական խաղերից, սովորում են նաև երգ, պար, նկարչություն, կատարում ձեռքի տարբեր աշխատանքներ, իսկ ավագ խմբի սաները ստանում են նախնական գիտելիքներ թվաբանությունից, դառնում են տառաճանաչ, սովորում են հայերեն,վրացերեն, ստանում են հոգևոր դաստիարակություն: «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը ստեղծվել է թեմակալ առաջնորդի նախաձեռնությամբ և նպատակամղված է հայ երեխային հայեցի դաստիարակելու, հայկական դպրոց ուղղորդելու ազգապահպան գործին: Նախակրթարան երեխաների ընդունելությունը շարունակվում է: |