1

fb you od

Վրաստանում մեկնարկեց նոր՝ 2016-17 ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

dproc 

2016 թվականի սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր՝ 2016-17 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 130-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ, որտեղ սովորում է 13 հազար 900 աշակերտ:

Այսօր քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 132 և թիվ 103 դպրոցները:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:

Սպիտակ վերնաշապիկներով զուգված գեղեցիկ ծաղկեփնջերով աղջիկներն ու տղաներն իրենց ուսուցիչների հետ հանդիսավորապես շարվել էին դպրոցի մարզադաշտում, իսկ բակում հավաքվել էին ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով, նշեց որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների,ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և նոր ուսումնական տարվա մեկնարկը շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը արժևորեց հայոց դպրոցի և Եկեղեցու դերը Սփյուռքում հայի ինքնությունը, ազգայինը պահպանելու գործում: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց սերունդների կրթության և դաստիարակության գործին նվիրված ուսուցիչներին, ծնողներին, Թեմի կրթության բաժնին, որտեղ գործող Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները իրենց ուսումնառությունը շարունակում են մայրենի լեզվով կրթօջախներում, «Հայարտուն» կենտրոնին, որտեղ հայ դպրոցականը իր գիտելիքները լրացնում է ազգային մշակույթով: Վազգեն Սրբազանը առանձնապես կարևորեց Վրաստանի պետության կողմից ընձեռված մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը: Թեմի հոգևոր առաջնորդը ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, չխնայել ուժերը և եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը փոխանցեց Վրաստանի կրթության և գիտության նախարար պարոն Ալեքսանդր Ջեջելավայի շնորհավորնքները և ներկայացրեց այն նորույթները, որ իրականացվելու են այս ուսումնական տարում:

Դժվարություններից չվախենալու, լավ սովորելու, հայեցի դաստիարակություն ստանալու, այս երկրի արժանի քաղաքացի և իսկական մարդ մեծանալու պատգամով դպրոցականներին բարեմաղթանքի խոսք ասացին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, Վիրահայերի միության փոխնախագահ Մարի Առաքելովան, այս դպրոցի նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյանը և ուրիշներ:

Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին, աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Նոր ուսումնական տարին այս դպրոցում սկսվեց շուրջ 300 աշակերտով, որոնցից 16-ը սովորում է 12-րդ դասարանում: Առաջին դասարան ընդունվածների թիվը հասնում է 20-ի, որից 10-ը Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտներ են:

Նոր ուսումնական տարին հանդիսավորապես սկսվեց նաև Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոցում, որը գործում է թիվ 156 դպրոցի շենքում: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորեց տնօրեն Արչիլ Չխաիձեն և հաղորդեց, որ նոյեմբեր ամսից դպրոցը կտեղափոխվի իր նախկին, բայց վերանորոգված ու բարեկարգված շենքը: 12-րդ դասարանցիների անունից շնորհավորեց Աննա Հովհաննիսյանը և առաջինդասարանցիներին բաժանեց հուշանվերներ:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների բոլոր տիպի հայկական կրթօջախները: 

DSC07686 DSC07699 DSC07702 DSC07721 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)