Էջմիածնի քաղաքապետը մասնակցեց Մցխեթոբա-Սվետիցխովրոբա տոնին |
Լուրեր |
Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցին 2016 թվականի հոկտեմբերի 14-ին նշեց Մցխեթոբա-Սվետիցխովրոբա տոնը: Վրաց հոգևոր կենտրոն Մցխեթայի քաղաքապետի հրավերով, տոնի կապակցությամբ Վրաստան էր ժամանել Հայաստանի Հանրապետության Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Հայոց հոգևոր կենտրոնից ժամանած պատվիրակությանը ընդունեց Մցխեթայի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիծվերիձեն: Կայացած զրույցի ընթացքում քույր քաղաքների ղեկավարները քննարկեցին փոխհարաբերությունների խորացման հարցերը և երկու ժողովուրդների հոգևոր կենտրոնների համագործակցության հեռանկարները: Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությունը Ջվարիի եկեղեցում ներկա գտնվեց տոնական Սուրբ Պատարագին: Հյուրերը այցելեցին նաև քաղաքի նորաբաց մշակութային կենտրոն, դիտեցին այնտեղ ներկայացված ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, ներկա գտնվեցին քաղաքի կենտրոնում՝ Մցխեթոբա – Սվետիցխովրոբա տոնին նվիրված հանդեսին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրան ուղեկցող ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը, արտաքին կապերի բաժնի պատասխանատու Սոնա Մաթևոսյանը այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Կայացավ հանդիպում Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ: Հյուրերը մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին Հայոց հինավուրց տաճարում: Էջմիածնից ժամանած հյուրերը հանդիպեցին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցած «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Ճիճինաձեի հետ: Զրույցի ժամանակ շոշափվեցին ընտրվելու դեպքում Հայոց հոգևոր կենտրոնի և Թբիլիսիի հայաբնակ շրջանի հետ մշակութային փոխայցերին եւ համագործակցությանը առնչվող հարցեր: |