Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի Սուրբ խաչ եկեղեցին |
Լուրեր |
2016 թվականի հոկտեմբերի 22-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին: Սուլդա գյուղի եկեղեցին Վիրահայոց թեմի թվով 55-րդ գործող եկեղեցին է: Եկեղեցու բազիլիկ շինությունը կառուցվել է 1829-30 թվականներին, Կարնո գավառից և Վերին Բասենի Թորդան գյուղից Ջավախք փոխադրված հայերի կողմից: Շինարարական աշխատանքի ընթացքում օգտագործվել են հինավուրց սրբատաշ քարեր, որոնք տեղափոխվել են Հոկամ և Կաշ գյուղերի միջև գտնվող հին, ավեր շինության տարածքից: Խորհրդային տարիներին եկեղեցին հայտնվել է ծանր վիճակում, քայքայվել և խոնարհվել է: 2011 թվականին Սուլդայի բարեպաշտ բնակիչները, Ռուսաստանի Դաշնությունում հաստատված ծնունդով սուլդացի Հրազդան Առաքելյանի բարերարությամբ, հանձն առան եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Ամրացվեցին եկեղեցու հիմքերը, հին, սրբատաշ քարերով վերականգնվեց եկեղեցին և բարեկարգվեց տարածքը: Շինարարական աշխատանքները համակարգվում էին Ախալքալաքի շրջանային հիվանդանոց-ամբուլատոր բուժմիավորման տնօրեն Ալեքսանդր Թորոյանի կողմից: Եկեղեցու վերակառուցման երկարաշունչ աշխատանքները ավարտին հասցվեցին և իրականություն դարձավ տեղի բնակչության տասնամյակների երազանքը: Տոնական առիթով Սուլդա ժամանած Թեմակալ Առաջնորդի պատվիրակությանը գյուղ բերող ճանապարհին աղուհացով դիմավորեցին սուլդացի երիտասարդները՝ ազգային տարազներ հագած և ուղեկցեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցին: Թեմակալ Առաջնորդի ձեռամբ վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, Սուրբ Սեղանը, սրբապատկերները: Այնուհետև տեղի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կողմից մատուցվեց անդրանիկ պատարագը: Եկեղեցական արարողության ավարտին Սրբազան Հայրը, հանուն Վիրահայոց թեմի, շնորհավորեց գյուղի ազգաբնակչությանը, եկեղեցուն նվիրեց Թբիլիսիից բերված Աստվածամոր սրբապատկեր և, բարձր գնահատելով բարերար Հրազդան Առաքելյանի աշխատանքները, նրան փոխանցեց Առաջնորդական օրհնության ու գնահատանքի գիր և հուշանվեր: Սրբազան Հայրը իր օրհնությունը բաշխեց նաև Ալեքսանդր Թորոյանին և բարի գործի բոլոր մասնակիցներին: Սրբազան արարողությանը մասնակցեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բագէն վարդապետ Սալբիյանը, թեմի Առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, քահանայից դասը: Արարողությանը ներկա էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը, ով ողջույնի խոսք հղեց ժողովրդին և շնորհավորեց նվիրական օրվա առիթով: Տոնական առիթով Սուլդա էին եկել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Սամվել Պետրոսյանը, Հենզել Մկոյանը, նոր գումարման Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Դավիթ Ճիճինաձեն, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից և Հայաստանից: Եկեղեցական արարողության ավարտից հետո հավատացյալ ժողովրդին բաժանվեց մատաղ: Եկեղեցու բակում Ախալաքալաքի շրջանային մշակույթի բաժնի կողմից ներկայացվեց համերգային ծրագիր: Օրը Սուլդայում տոնական ու հիշարժան էր: |