1

fb you od

Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Vachiani 

2016 թվականի հոկտեմբերի 23-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գյուտ Խաչի» տոնական օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին: Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին Վիրահայոց թեմի թվով 56-րդ գործող եկեղեցին է:

Սուրբ Սիոն եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, երբ Վաչիանում են հաստատվում Կարնո նահանգի Թվանջ գյուղից Ջավախք փոխադրված հայերը: 19-րդ դարի վերջին եկեղեցին հիշատակվում է՝ որպես բավական գեղեցիկ, նորաշեն եկեղեցի, սակայն 1914 թվականին արդեն քանդվում է տանիքը, իսկ խորհրդային տարիներին՝ խոնարհվում:

1990-ական թվականներից սկսած գյուղի ազգաբնակչությունը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Կառուցվում է զանգակատունը, եկեղեցու բազիլիկ շինությունը վերածվում է գմբեթավորի, բարեկարգվում է տարածքը: Վերակառուցման աշխատանքներին մեծապես օժանդակում են Ռուսաստանի Դաշնությունում հաստատված վաչիանցիները:

Եկեղեցու օծման առիթով Վաչիան ժամանած Թեմակալ Առաջնորդի գլխավորած պատվիրակությանը գյուղ մտնող ճանապարհին աղուհացով դիմավորեցին ազգային տարազներ հագած երիտասարդ վաչիանցիները և ուղեկցեցին դեպի Սուրբ Սիոն եկեղեցի: Սրբազան արարողությունից առաջ, Հոգևոր Առաջնորդը ողջունեց բոլորին, իր հայրական օրհնությունը բաշխեց բարերարներին, վարպետներին, եկեղեցաշեն աշխատանքի բոլոր մասնակիցներին: Իր խոսքում նա կարևորեց եկեղեցու դերը մանավանդ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայության համար: Սրբազանը ներկաներին ծանուցեց նաև եկեղեցու վերաօծման արարողակարգի մասին: Այնուհետև Թեմակալ Առաջնորդի ձեռամբ վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Մկրտության ավազանը, Սուրբ Սեղանը, սրբապատկերները: Արարողակարգին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բագէն վարդապետ Սալբիյանը, թեմի Առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, քահանայից դասը: Հավարտ արարողակարգի, Սրբազանը վաչիանցիներին փոխանցեց Թբիլիսիից բերված սրբապատկեր, որն այսուհետ անբաժան կլինի Սուրբ Սիոն եկեղեցուց: Նորաօծ եկեղեցում անդրանիկ պատարագը մատուցեց Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Արժ. Տ. Տաթև քհն. Մարուքյանը: Հավարտ պատարագի կատարվեց նաև եկեղեցու բակում զետեղված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն, որից հետո տեղի ունեցավ ավանդական մատաղի օրհնություն և տեղի մշակույթի տան ուժերով ներկայացվեց համերգ:

Տոնական արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Պետրոսյանը, Հենզել Մկոյանը, նոր գումարման Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի անդամներ ծնունդով ջավախքցի Վարդան Այվազյանը և Տաճատ Վարդապետյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, թեմի Առաջնորդարանի պաշտոնեությունը, հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Վաչիանցիների տասնամյակների նվիրականը երազանքը՝ վերականգնել հարազատ գյուղի եկեղեցին, իրականություն դարձավ: 

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)