1

fb you od

Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի սաների համերգը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Rafayel Javakh 

2016 թվականի նոյեմբերի 6-ին, կազմակերպվեց Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի սաների և ուսուցչական կազմի ուխտագնացությունը Վրաստանի մայրաքաղաքում գործող հայոց եկեղեցիներ: Ուխտավորներին ուղեկցում էին Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, հոգևոր հովվի օգնական Աթանաս սարկավագ Կիրակոսյանը, «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Այցելությունն սկսվեց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում մոմեր վառելով և աղոթք բարձրացնելով առ Աստված:

Ուսուցիչներն ու սաները այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին այստեղ հանգչող հայոց մեծերի շիրիմներին:

Այնուհետև ուխտավորները այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հյուրընկալվեցին «Հայարտուն» կենտրոնում: Գալուստ Գյուլբենկյան սրահում ողջունելով հյուրերին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը փոխանցեց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը: «Հայարտուն» կենտրոնի ղեկավարը անդրադարձ կատարեց թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիի «Հայարտուն», Բաթումի «Ալեքսանդր Մանթաշով» և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնների ընկերակցական գործունեությանը, կարևորեց ընդհանուր նպատակը՝ Վրաստանում մայրենի լեզվի, հայի ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների պահպանությունը:

Ու մեկնարկեց «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի «Առավոտ լուսո» երգչախմբի (խմբավար՝ Իրինա Ղարսլյան) և «Պառնաս» ասմունքի ստուդիայի (ղեկավար Սաթենիկ Սնխչյան) համատեղ համերգը: Հոգևոր, դասական ու ժողովրդական երգերի, ազգագրական մանիների ու ժամանակակից խմբերգերի անհատ և երգչախմբային կատարումները, հայրենիքին ու ժողովրդին, նրա հերոսական կամքին ու հաղթական ոգուն նվիրված հայ դասական, արևմտահայ, արդի վիրահայ գրականության նմուշների վարպետ արտասանությունը, որոնք ուղեկցվում էին համերգավար Ժորա Սնխչյանի բանիմաց մեկնաբանությամբ, արժանանում էին լեփ-լեցուն դահլիճի ունկնդրի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին: Իսկ «Զարթիր լաո» և «Սարդարապատ» երգերը դարձան համերգ-միջոցառման ողջ հմայքի բարձրակետը:

«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի սաների համերգը «Հայարտուն» կենտրոնում ավարտվեց «Ներսես Շնորհալի» և «Առավոտ լուսո» երգչախմբերի համատեղ «Հայաստան» և «Թբիլիսո» երգերով: Շնորհակալություն հայտնելով գեղարվեստական մեծ բավականության համար, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը արժևորեց նման

հանդիպումները տարածաշրջանի և մայրաքաղաքի կենտրոնների ու սաների միջև: Նա հույս հայտնեց, որ նման ընկերակցությունը լինի շարունակական:

DSC 0056 DSC 9839 DSC 9914 DSC 9918 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)