1

fb you od

ՀՀ Սփյուռքի նախարարության նվիրատվությունը Բաթումի Ալ. Մանթաշով կենտրոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC 6540 

ՀՀ Սփյուռքի նախարարությունը, հետևելով վերջին տարիներին ձևավորված ավանդությանը, կրկին իր օգնությունը տրամադրեց վիրահայոց համայնքներին, այդ թվում Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակութային և երիտասարդության կենտրոնին: Նախարարության կողմից կենտրոնին հատկացվեցին տեսա-լսողական սարքավորում, բարձրախոսներ, համակարգիչ, տպիչ և տեխնիկական այլ միջոցներ:

Նվիրված տեխնիկան հասցեատիրոջը փոխանցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից: Այս առիթով Թեմակալ առաջնորդը 2016 թվականի դեկտեմբերի 2-4-ը գտնվում էր Բաթումիում: Սրբազան հայրը հանդիպեց «Ալ. Մանթաշով» կենտրոնի ուսուցչական կազմի հետ՝ տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, ականատես եղավ կատարված աշխատանքներին, գնահատանքի արժանացրեց անձնակազմի իրականացրած աշխատանքները և առաջնորդարանի կողմից մանկավարժներին փոխանցեց նվերներ:

Այցի շրջանակներում Սրբազան Հայրը հանդիպեց նաև ծխական խորհրդի անդամների հետ: Սրբազանն իր օրհնությունը փոխանցեց Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանին՝ կատարված աշխատանքների համար և խրախուսեց շարունակել այդ աշխատանքները համայնքի և կենտրոնի հետ համատեղ՝ ի նպաստ եկեղեցու շուրջ հայության կենտրոնացման և հավատացյալների թվի ավելացման:

Տեր Վազգեն եպիսկոպոսը նաև մասնակցեց եկեղեցական արարողություններին: Դեկտեմբերի 3-ին Գերաշնորհ առաջնորդն իր մասնակցությունը բերեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակին նվիրված առավոտյան ժամերգությանը և հավատացյալներին փոխանցեց օրվա խորհրդի մասին հոգևոր պատգամը:

Դեկտեմբերի 4-ին, Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայոց եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի, Վազգեն Սրբազանը Հայրական օրհնություն և հոգևոր խոսք փոխանցեց հավատացյալներին և իր ուրախությունը հայտնեց հոգևոր հովվի, կենտրոնի մանկավարժների և ծխական խորհրդի անդամների համատեղ աշխատանքների արդյունքում տեսնելով եկեղեցում բազմաթիվ հավատացյալների ներկայությունը:

Հավարտ Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդն իր խոսքում երախտագիտություն հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վիրահայ համայնքի երիտասարդության կրթա-մշակութային հարցերը: Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը բերեց Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովվին, ծխական խորհրդի անդամներին և «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնի աշխատակազմին՝ հոգենվեր և ազգապահպան աշխատանքների համար:

Բաթումի կատարած ուղևորության ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին Թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի օգնական Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վրաստանի կառավարության տրամադրած միջոցներով և Վիրահայոց թեմի առաջնորդարանի ու Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի աջակցությամբ:

DSC 6433 DSC 6479 DSC 6573 DSC 6579

  DSC 6527 DSC 6633 DSC 6644 DSC 6651