1

fb you od

«Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրությունը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Filmi cucadrutyun 

2016 թվականի դեկտեմբերի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ցուցադրվեց «Խնուս» մշակութային հիմնադրամի նկարահանած «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմը:

Մարդաշատ դահլիճը վկայում էր պատմական ֆիլմեր ցուցադրելու «Հայարտուն» կենտրոնի ավանդույթի կարևորությունը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկայացրեց հատուկ ցուցադրության առիթով Թբիլիսի ժամանած «Խնուս» հիմնադրամի տնօրեն և ֆիլմի նկարահանող-ռեժիսոր Սամվել Մհերյանին:

Ռեժիսոր Մհերյանը, ով նաև գրական ստեղծագործությունների հեղինակ է, թբիլիսահայերին ողջունեց իր հոգևոր բանաստեղծությունների ժողովածուից մի քանի նմուշի ընթերցմամբ:

Անդրադառնալով «Տունդարձի ճամփան» ֆիլմին, Սամվել Մհերյանն այն անվանեց ուխտագնացություն՝ տուն վերադառնալու հույսով:

Ներկաները, որոնցից շատերը Մուշից, Վանից, Կարսից և պատմական Հայաստանի այլ գավառներից մազապուրծ փրկված և Վրաստանում հաստատված հայերի սերունդներ են, հուզմունքով դիտեցին ֆիլմը: «Տունդարձի ճամփան» նաև շրջայց էր Արևմտյան Հայաստանի նախկին բնակավայրեր:

Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բարձր գնահատեց ռեժիսորի պատմական թեմայով նկարահանած ֆիլմերի միջոցով հայրենասիրական քարոզչությունը, հոգևոր բանաստեղծությունները:

Դրվատանքի արժանացնելով Սամվել Մհերյանի կարոտով և հույսով տոգորված «Տունդարձի ճամփան» ֆիլմը Թբիլիսիում ցուցադրելու նախաձեռնությունը, Սրբազան Հայրը ներկաներին հորդորեց ապրել իրատեսությամբ մայր հայրենիքն ու Արցախըլքելու փոխարեն նվիրվել դրանց զարգացմանն ու շենացմանը:

Վերջում նկարահանող-ռեժիսորը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին նկարահանման դժվարություններին, իսլամ ընդունած հայերի վերադարձը քրիստոնեական հավատքին, ազգային ոգու վերազարթոնքին և հայ համայնքին:

Նկարահանող ռեժիսոր Սամվել Մհերյանը նաև Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին վերաբերող «Մենավոր բազեն» պատմավեպի, «Ճշմարիտ Լույսը« և «Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է, որի համար արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությանը և գնահատականին: Նկարահանող ռեժիսորին է պատկանում նաև «Եդեմի պարտեզը« պատմաֆիլմը: 

DSC09174 DSC09195 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)