1

fb you od

Կիսամյակային հաշվետու համերգ «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

2016 թվականի դեկտեմբերի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կենտրոնի ստեղծագործական խմբերի կիսամյակային հաշվետու համերգը: Համերգային ծրագրում ընդգրկվել էին այն համարները, որոնք խմբակները յուրացնելով անցած ամիսների ընթացքում, պետք է դառնային ձեռք բերած առաջընթացի ցուցադրություն:

Բազմամարդ էր Գալուստ Գյուլբենկյան սրահը: Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը, հյուրեր, ծնողներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

Թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի ներկայացմամբ, իրար հաջորդեցին խմբերի և անհատ կատարողների ելույթները:

Բացի հիմնական խմբերից, համերգին մասնակցում էին նաև դհոլի, դուդուկի և պարի կրտսեր խմբերի անդամները, երգչախմբի մենակատարներ Անի Միրզոյանը և Վլադիմիր Արությունովը, որոնց համար համերգը նաև առաջին բեմելն էր:

Միջոցառումը ստեղծագործական խմբերի կատարողական վարպետությամբ և դրսևորած հուզականությամբ դարձավ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կայացման վկայություն: Դուդուկի և դհոլի խմբակների սաների հոգեթով նվագը,պարային համույթի ավագների և կրտսերների խմբի խրոխտ պարը, երգչախմբի ազգագրական և ժամանակակից երգերի մշակված կատարումները,էստրադային գործիքների համույթի գեղեցիկ նվագը, մենակատարներ Անի Թորոսյանի, Ռուզաննա Միքայելյանցի, Անի Հովհաննիսյանի հոգեթով, հայրենասիրությամբ և ազգասիրությամբ տոգորված երգը իրավամբ արժանանում էին ներկաների ջերմ ընդունելությանը և ծափողջույններին:

Հիրավի առավել կատարելագործվել ու հղկվել էր կենտրոնի սաների կատարողական վարպետությունը, ինչը սաների աշխատասիրության, խմբավար ուսուցիչների ջանասիրության և կենտրոնի տնօրինության ճիշտ ուղղորդված աշխատանքի արդյունքն էր: Առաջընթացը հրաշալիորեն բացահայտվեց կոմպոզիցիոն համարներով, հատկապես «Մուշ-մուշ» երգի կատարմամբ:

Համերգի հրաշալի ավարտ դարձավ «Արցախ» կոմպոզիցիան, որը ներկայացվեց «Ներսես Շնորհալի» երգչախմբի, դուդուկի, դհոլի, «Տարոն» պարային խմբի և «Հայոս բենդ» վոկալ գործիքային համույթի ներդաշնակված մասնակցությամբ:

Հաշվետու համերգին իր գնահատանքի խոսքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Արժևորելով գեղարվեստական բարձր ճաշակով, կատարողական մեծ վարպետությամբ ներկայացված ելույթները, հոգեշնորհ Հայր Սուրբը երախտագիտության խոսքեր ուղղեց սաների ծնողներին, ովքեր գիտակցելով իրենց զավակների հայեցի դաստիարակության կարևորությունը, նրանց ուղղորդում են «Հայարտուն» կենտրոն:

«Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի կիսամյակային հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությանը և գնահատանքին: Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանին`կենտրոնում հայկականությունը պահպանելու, «Հայարտուն» կենտրոնի գործունեությունը ճիշտ ուղով զարգացնելու համար և շնորհավորեց նրան ՀՀ պաշտպանության նախարարի կողմից Գարեգին Նժդեհ մեդալին արժանանալու կապակցությամբ: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց «Ներսես

Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանի,դաշնակահար Կարեն Միրզոյանի, «Տարոն» պարային համույթի պարուսույց Սուրեն Աբրամյանի, դուդուկի և դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի, Ռոբերտ Կաշավանիձեի, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի ղեկավար Վլադիմիր Ասատուրովի աշխատանքը՝ սաների հոգում հայ մշակույթի նկատմամբ սերը զարգացնելու, ազգայինի նկատմամբ հետաքրքրությունը ճիշտ ուղղորդելու համար: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց նաև կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, հնչյունային ռեժիսոր Սերգեյ Արությունովի նվիրումը աճող սերնդի հայեցի դաստիարակության գործին: Շնորհավորելով ներկաների Գալիք Նոր Տարին, Սրբազան Հայրը հորդորեց նրանց մասնակցել Ճրագալույցի և Սուրբծննդյան Պատարագներին և հավուր պատշաճի նշել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

 DSC09366 DSC09297 DSC09299 DSC09355

DSC09331 DSC09294 DSC09431 DSC09435