Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց Հրանտ Դինքի հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, հավատացյալներ: Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչմանն էր նվիրված թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատի «Ո՞վ եմ ես» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը բացվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Lքված շինություններ, ամայացած գյուղեր ու քաղաքներ, փլատակված վանքեր ու տաճարներ արտացոլող լուսանկարները բարձրաձայնում են ճշմարտությունը, ցույց տալիս Հայոց Ցեղասպանության հետքը, որն այնպես ջանադրաբար ձգտում է մոռանալ ու վերացնել թուրքական պետությունը: Ցուցադրված նկարներից ամեն մեկը հայոց պատմական հայրենիքի տարբեր շրջանների ողբերգական պատմության մի դրվագ է: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին հեղինակը՝ թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատը, թուրքահայ Մուրադ Ալուչլուն, գրող Իրակլի Կակաբաձեն, ռեժիսոր Մալխազ Կուխիանիձեն, Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, տարբեր ազգերի մտավորականներ, արտասահմանցի հյուրեր: Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար «Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնեց Ումուտ Վեդատին՝ թուրքական իշխանությունների վերաբերմունքը արհամարհելու, ցեղասպանության թեման բարձրաձայնելու, նաև Հրանտ Դինքի հիշատակը այս ցուցահանդեսով խնկարկելու համար: Ումուտ Վեդատը անդրադարձ կատարելով Հրանտ Դինքի հիշատակին, խոսեց Թուրքիայում խոսքի ազատության, Հայոց ցեղասպանության թեմաների և լուսանկարների միջոցով արդարության ձայնը լսելի դարձնելու, հայերի դեմ թուրք ազգայնամոլների գործած ոճրագործությունները սերունդներին հասանելի դարձնելու իր նպատակի մասին: Նենգաբար սպանված Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքը մտահոգված էր թուրքերի և հայերի միջև հաշտություն հաստատելու հարցով, գործում էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, մարդու իրավունքների և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների մասին-սա էր մեծ ժողովրդասերի, արդարության խոսքի ջատագովի հավատո հանգանակը: Ահա այս մասին իրենց ելույթներում կարևորեցին գրող Իրակլի Կակաբաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Ալիքմեդիա օնլայն հայերեն լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության և գնահատանքի խոսքում անդրադարձ կատարեց Հրանտ Դինքի ապրած կյանքին և գործունեությանը, կիսեց արժանավոր հայորդու ազատամտությունը, ժողովրդավարական գաղափարները, պայքարը ազգայնամոլության և ճշմարտության խեղաթյուրման դեմ: Հրանտի Դինքի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցուցահանդեսը նաև բողոք էր հայոց Ցեղասպանության կազմակերպիչների դեմ, նաև Թուրքիայում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու պահանջ: Ցուցահանդեսը կշարունակվի ևս երկու շաբաթ: |