1

fb you od

Վրաստանի Կրոնի հարցերով գործակալության հրատարակությունների շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

2017 թվականի հունվարի 24-ին, Թբիլիսիի սովորող երիտասարդության ազգային պալատում, Վրաստանի կրոնի հարցերով գործակալության նախաձեռնությամբ, կայացավ գործակալության կողմից հրատարակված գրքերի շնորհանդես, որին ներկա էին երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների,Վրաց Ուղղափառ Եկեղեցու, Վրաստանում գործող կրոնական համայնքների ներկայացուցիչները:

Շնորհանդեսին հրավիրված էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Վրաստանի կրոնի հարցերով գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն ներկայացրեց ռազմավարական նշանակություն ունեցող այն չորս հրատարակությունները, որոնց նպատակն է դավանանքի ոլորտում երկրի պետական քաղաքականության հաջորդական իրականացումը, Կրոնի և դավանանքի ազատության մասին տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրենսդրություններին և որոշումներին հանրության ծանոթացումը, կրոնական կազմակերպությունների միասնական դիրքորոշմանը պետական գործիչների ճանացողության բարձրացումը, ինչպես նաև «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» կոնֆերանսի նյութերի հրատարակումը:

Շնորհանդեսին ելույթ ունեցան Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին,Վրաստանի խորհրդարանի անդամ Զաքարիա Քուցնաշվիլին, Վրաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Արադ Բենկոն, Վրաստանի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի անդամ Աննա Փիրցխալաշվիլին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր սպասաավոր վարդապետ Ադամը:

Միջոցառմանը ամփոփիչ խոսքով հանդես եկավ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր ելույթում թեմակալ առաջնորդը բարձրացրեց կրոնական համայնքներին հուզող մի շարք հարցեր, որոնցից են հանրային հեռուստաընկերության և լրատվական գործակալությունների կողմից կրոնական համայնքների եկեղեցական և ավանդական տոների, նրանց գործունեության ոչպատշաճ լուսաբանումը, կրկնամկրտությունը, պատմական արդարության վերականգնումը և խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիներն ու կրոնական այլ սրբավայրերը օրինական տերերին վերադարձնելը:

Սրբազան Հայրն իր խոսքում բարձր գնահատեց Վրաստանի կրոնի հարցերով գործակալության աշխատանքը:

Ներկայացնում ենք Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ելույթի ամբողջական տեքստը:

ԶԵԿՈՒՅՑ

Սիրելի հոգևոր եղբայրներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչներ, քույրեր և եղբայրներ,

Տիեզերական Եկեղեցու հայրերից Սուրբ Օգոստինոսը պատգամում է. ա. միություն կարևոր հարցերում, բ. ազատություն երկրորդական բաներում, գ. սեր ամեն ինչում:

Հոգևոր, կրոնական, մշակութային միասնությունը հիմքն է ոչ միայն կրոնական հաստատությունների, այլև ողջ հասարակության: Ուստի անհրաժեշտ է ապահովել միջկրոնական և միջդավանական երկխոսություն, որպեսզի ազատորեն քննարկվեն միմյանց հուզող հարցերը: Միջկրոնական և միջդավանական երկխոսությունը կնպաստի միմյանց ճանաչելուն, տվյալ եկեղեցու կամ անհատի ընտրությունը հարգելուն, մարդուն կամ ազգի կրոնական զգացումները չվիրավորելուն:

Կրոնական երկխոսությանը կօգնի անհրաժեշտ գրականության տպագրությունը, որի միջոցով հանրությանը կլուսաբանվի այս կամ այն կրոնական հաստատության դավանանքը, պատմությունը, տոները, ավանդությունը: Այս տեսանկյունից կարևոր է Վրաստանի Կառավարությանն առընթեր Կրոնի հարցերի պետական գործակալության գործունեությունը՝ օրացույցների, խորհրդաժողովների զեկույցների հրատարակությունը, այլ երկրների կրոնական հարցերի իրավիճակի մասին տեղեկատվության տարածումը, որովհետև այլոց լավ օրինակը և փորձառությունը կարող է օգտակար լինել մեզ Վրաստանում:

Միջկրոնական ու միջդավանական երկխոսությանը և հասարակության հանդուժողականությանը մեծապես կարող են օգնել հանրային հեռուստաընկերությունները, ճանաչված լրատվական գործակալությունները: Ցավոք, այս հարցի կարևորությունը չի գնահատվում ըստ արժանվույն, և հասարակության լայն զանգվածները հաճախ անտեղյակ են մնում իրենց իսկ երկրում, իրենց հարևանությամբ ապրող այլադավանների և այլ կրոնական պատկանելության մարդկանց մասին: Շատերը նրանց մասին կարծիք են կազմում նախապաշարումների ու այս կամ այն մարդկանց տրամադրություններով մատուցված, շատ անգամ՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող բամբասանքների մակարդակով:

Կարևոր է նաև վրաց հասարակության մեջ պատմականորեն ձևավորված ուրույն դերակատարություն ունեցող Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը կրոնական համայնքների խաղաղ համակեցության գործում: Այս առումով շատ հարցեր կարիք ունեն վերանայման: Այսպիսին է, օրինակ, վերամկրտությունը, որը խոչընդոտ է հանդիսանում տարբեր դավանանքի մարդկանց պսակադրությանը կամ կնքահայր դառնալուն: Այսինքն, բարեկամություն հաստատելու փոխարեն, կառուցվում է բաժանարար պատ հասարակության մեջ, որն անընդունելի է:

Նախորդ տարվա աշնանը Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ին երբ հարցրել էին, թե որ եկեղեցիներն են համարվում ուղղափառ, Վրաց Եկեղեցու Վեհապետը պատասխանել էր. «Առաքյալների կողմից հիմնված եկեղեցիները»:

Մենք լիովին կիսում ենք Նորին Սրբության կարծիքը և հարցնում՝ այդ ինչպե՞ս է, որ Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալների կողմից հիմնված Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու կամ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հիմնված Հայ Առաքելական Եկեղեցու մկրտությունը չի համարվում ուղղափառ, այլ նույնիսկ որոշ եկեղեցականների կողմից նշված առաքելահաստատ եկեղեցիները անվանվում են հերետիկոսական:

Ժամանակն է արթնանալ, սթափ նայել այսօրվա իրականությանը և տեսնել, թե ինչ է կատարվում մեզ շրջապատող տարածաշրջանում, որտեղ հալածվում են ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև ուղղափառ իսլամ դավանող համայնքները: Համաշխարհայնացված այս աշխարհի կողմից ինքնատիպ ավանդություններով ապրող մեր հասարակությանը նետված մարտահրավերները պետք է միավորեն բոլորիս՝ անկախ կրոնական ու դավանական տարբերություններից: Հարկավոր է պահպանել ընտանեկան սովորույթները, ազգերի հոգևոր-բարոյական ավանդույթները, հոգալ երիտասարդ սերնդի դաստիարակության մասին, որպեսզի նրանք կարողանան դավանել բարձր արժեքներ, կառուցեն արդար, իրավահավասար հասարակություն ու մարդկանց տան երջանիկ ապրելու հնարավորություններ: Համաշխարհայնացված այս աշխարհի կողմից ինքնատիպ ավանդություններով ապրող մեր հասարակությանը նետված մարտահրավերները պետք է միավորեն բոլորիս՝ անկախ կրոնական ու դավանական տարբերություններից: Հարկավոր է պահպանել ընտանեկան սովորույթները, ազգերի հոգևոր-բարոյական ավանդույթները, հոգալ երիտասարդ սերնդի դաստիարակության մասին, որպեսզի նրանք կարողանան դավանել բարձր արժեքներ, կառուցեն արդար, իրավահավասար հասարակություն ու մարդկանց տան երջանիկ ապրելու հնարավորություններ:

Անհրաժեշտ է մտածել նաև պատմական արդարության վերականգնման մասին, և խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիներն ու կրոնական այլ սրբավայրերը վերադարձնել օրինական տերերին:

Անշուշտ, Վրաստանի Կառավարությունը այս ուղղությամբ ապագայի հանդեպ հույս ներշնչող քայլեր կատարում է, ինչպիսիք են, օրինակ, Կրոնի հարցերով պետական գործակալության հիմնումը և նրա դրական գործառույթները, խորհրդային ժամանակներում կրոնական համայնքներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցումը, իսլամական և հրեական համայնքներին՝ մզկիթների ու սինագոգների վերադարձը, Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սրբավայրերի և գույքի վերադարձը:

Պատմությանը հայտնի են պատերազմներ ու ոճրագործություններ, որոնք կատարվել են կրոնի կամ դավանանքի անվան տակ: Տեղին է հիշել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ. «Մի՛ սպանեք մարդկանց և մի՛ փորձեք արդարացնել ձեր արարքը Աստծու անունով»:

Ուստի հարկավոր է մշտապես հիշել Սուրբ Օգոստինոսի պատգամը, որն արդիական է բոլոր ժամանակների համար և մեր շուրջ տարածել սեր, համերաշխություն, հանդուրժողականություն, հարգանք ու պատիվ միմյանց հանդեպ՝ անկախ կրոնական, դավանական, ազգային ու ռասսայական տարբերությունից, քանի որ բոլորս էլ նույն Աստծու զավակներն ենք:

Թող Աստված օրհնի ամենքիս ու մեր սրտի, հոգու մտքի մեջ դնի լուսավոր ու բարի զգացումներ և առաջնորդի բոլորիս դեպի խաղաղության նավահանգիստ:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու

Վիրահայոց Թեմի Առաջնորդ

Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյան

DSC09900 DSC09929 DSC09934 DSC09940 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)