1

fb you od

Սուրբ և Անմահ Պատարագ Սամշվիլդեի (Շամշուլդա)Սուրբ Փրկիչ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

16804415 

2017 թվականի փետրվարի 18-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և Թեմի առաջնորդարանի աջակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց հավատացյալների խումբը ուխտի մեկնեց Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդեի Սուրբ Փրկիչ եկեղեցի: Հասնելով ուխտատեղի,հավատացյալները մոմեր վառեցին և աղոթք արեցին հինավուրց եկեղեցում:

Թբիլիսահայ ուխտավորները, տեղի հավատացյալների հետ միասին, մասնակցեցին օրվա խորհրդին՝ Սբ. Սահակ Պարթև Հայրապետի տոնին նվիրված Սուրբ Պատարագին, որը մատուցեց Բոլնիսի և Թեթրիծղարոյի հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Բազմամարդ էր եկեղեցին, աչքի էր զառնում հատկապես մանուկների ներկայությունը, որոնք Պատարագի էին եկել ծնողների հետ:

Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ-քահանան հանգամանալից քարոզ խոսեց Սուրբ Սահակ Պարթևի իմաստուն գահակալության մասին, ով 52 տարի լինելով Հայոց Հայրապետական աթոռին, մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել է հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրը: Տեր Հուսիկ քահանան անդրադարձ կատարեց Տառերի գյուտից հետո Աստվածաշնչի թարգմանությանը , որն իր կատարելությամբ դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

Պատարագին ներկա դպրոցականներին շնորհավորելով դպրության օրվա առիթով, տեղի հոգևոր ծառայողը հորդորեց նրանց սերտել գիտության էջերը մայրենի լեզվով,պահել ու պահպանել ոսկեղենիկ հայերենը:

Հավատացյալները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա քարոզը և ստացան հաղորդություն: Սուրբ Պատարագի վերջում Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, հավատացյալների խնդրանքով, կատարեց մանուկների օրհնության և տկարների բուժման աղոթք:

Վիրահայոց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հավատացյալների ուխտագնացությունների իրականացումը Թեմի տարբեր սրբավայրեր կրում է պարբերական բնույթ և օժանդակում է հավատացյալների հավատքի ամրապնդմանը և համախմբմանը եկեղեցու շուրջը:

Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդո գյուղը շուրջ 200 տարվա պատմություն ունի, հայաբնակ է և այստեղ 1863 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին քարաշեն եկեղեցին, որն ունեցել է նաև իր հոգևոր դպրոցը: Աղերսալի վիճակում հայտնված Եկեղեցին 2010 թվականին վերակառուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և տեղացիների հովանավորությամբ: Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին կառուցվել էր նախկինում տեղում եղած Սուրբ Փրկիչ եկեղեցու ավերակների վրա, գյուղի համայնքի խնդրանքով, 2012 թվականին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ այն վերաօծվեց Սուրբ Փրկիչ անունով:

Եկեղեցում թեմի սպասավորները պարբերաբար մատուցում են Սուրբ Պատարագներ, անցկացնում ծիսական արարողություններ: 

16825882 16700677 16797568 16797504